
Պուտինը ծանրութեթև է անում ուկրաինական 3 սցենար, որոնք բոլորն էլ անցանկալի են Արևմուտքի համար. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ այն ժամանակ երբ ռուս գործակալները սահմանին կենտրոնացած 40.000 զինծառայողի աջակցությամբ ներթափանցում են Արևելյան Ուկրաինա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանրութեթև է անում երեք սցենար, որոնք բոլորն էլ անցանկալի են Արևմուտքի համար:
1) Ուկրաինայի գործող կառավարությունը զիջումներ է անում Մոսկվային: Այս շաբաթ նա հասկացնել տվեց, որ հնարավոր են այդ ուղղութամբ տեղաշարժեր՝ կապված Արևելյան Ուկրաինայի անկարգությունների հետ: Պուտինն առաջ է տանում Ուկրաինայի ապակենտրոնացման պլանը, որը ռուսալեզու արևելքին կտա այնքան իշխանություն, որ Ռուսաստանը, ըստ էության, կստանա ուկրաինական քաղաքականությունում վետո կիրառելու իրավունք:
2) Ղրիմի մոդելով Արևելյան Ուկրաինայի բռնակցում: Արևելյան քաղաքների ռուսամետ «ցուցարարները» արդեն իսկ հանրաքվե են պահանջել Ռուսաստանին միանալու մասին:
3) Արևելյան Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի պատրվակով ներխուժման ձեռնարկում: Եթե Կիևի գործող իշխանությունները կոշտ միջոցներ ձեռնարկեն, ապա Պուտինը կարող է դա օգտագործել որպես ռազմական միջամատության համար արդարացում:
Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ Պուտինը, հազիվ թե, որոշի ձեռնարկել ներխուժում, քանի որ նա նախընտրում է լեգիտիմության տեսանելիություն ստեղծելը:
Նախկին հետախույզի բնազդները նրան մղում են գաղտնի ռազմականացված գործողություն ձեռնարկելուն և ոչ թե տանկերը միջազգային սահմանից այն կողմ ուղարկելուն: Պուտինը չի հրաժարվի ուժի սպառնալիքից, քանի դեռ չեն կատարվել իր պահանջները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ռազմավարությունը կայանում է նրանում, որ Պուտինին հարկադիր երկարաժամկետ հեռանկարում վճարել սեփական արկածախնդրության համար: Եթե Պուտինն արագ քայլեր չձեռնարկի ճգնաժամի ապաէսկալացման ուղղությամբ, ապա ԱՄՆ-ը կիրականացնի այնպիսի միջոցներ, որոնք կարող են մոտակա տարիներին էականորեն թուլացնել Ռուսաստանը:
Այդ միջոցների թվում կարող են հայտնվել Ռուսաստանից էներգակիրների ու զենքի արտահանման նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը, Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ամերիկյան զորքեր տեղակայելը, ռուսական գազից Եվրոպայի ունեցած կախվածության թուլացման ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրելը: