Բաժիններ՝

«Եթե մենք կորցնենք գյուղը, մենք ամեն ինչ կկորցնենք»

Լիբանանահայ Ջորջ Տաբակյանը 2011-ին Հայաստան մշտական բնակության է եկել Արաբական Միացյալ Էմիրություններից, գործարարությամբ է զբաղվում սպասարկման ոլորտում: Ընկերների հետ 2012 թվականին ստեղծել է նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որը խորհրդատվություն է տրամադրում Հայաստան վերադարձող հայերին: Հայաստանում Ջորջ Տաբակյանը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ. 2012թ. հինգ համախոհներով հիմնադրել են «Սահման. զարգացման ծրագիր» հասարակական կազմակերպությունը, որը փոքրիկ աջակցման ծրագրեր է իրականացնում սահմանամերձ գյուղերում:

– Ջորջ, միշտ ապրելով մեծ քաղաքներում, որտեղի՞ց է գալիս գյուղի հանդեպ Ձեր անչափ հետաքրքրությունը:

– Իմ մոտեցումը գյուղին, որքան էլ որ տարօրինակ թվա, գալիս է Ցեղասպանությունից: Ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդի արևմտահայոց հատվածը կորցրեց իր գյուղը: Այսօր աշխարհով մեկ ցրված սփյուռքահայերը նախկին գյուղացիների սերունդներն են, իմ նախնիները նույնպես գյուղացիներ են եղել: Մենք նախկինում դրսում հազարավոր հայկական գյուղեր ենք ունեցել, սակայն այսօր սփյուռքում մնացել է ընդամենը չորս գյուղ: Մեկը Քեսաբն էր, որը տեսաք` ինչ եղավ, կա Այնճարը` Լիբանանում, Վագըֆը` Թուրքիայում, և մեկն էլ կա Իրաքի հյուսիսում` կորած հայկական գյուղ է, մարդիկ նույնիսկ չեն էլ խոսում նրա մասին (խոսքը Զախո շրջանում գտնվող Հավրեսքի գյուղի մասին է.- Ա. Թ.):

Մեր ժողովուրդը կորցնելով իր գյուղական հատվածը` արդեն դարձել է քաղաքացի, և այդ քաղաքացուն դժվար է նորից վերադարձնել դեպի գյուղ: Մինչդեռ գյուղը քաղաքին սնող հիմնական աղբյուրն է, իսկ երբ որ պատերազմ լինի, նույն հաջողությամբ գյուղացին նաև զինվոր կարող է դառնալ… Բոլոր ժամանակներում հայկական իրականությունը կառուցվել, զարգացել և գոյատևել է նախևառաջ` գյուղի շնորհիվ:

Կարդացեք նաև

Գիտակցելով այս ամենը` իմ նպատակն է` ներդրում ունենալ հատկապես հայկական գյուղաշխարհի զարգացման մեջ: Իսկ այսօր մենք դրա հնարավորությունն ունենք միայն Հայաստանում:

– Լինելով գյուղերում` ինչպե՞ս եք տեսնում գյուղացիների տրամադրությունները:

– Մենք հիմնականում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ենք լինում, ուր մարդիկ կառչած են իրենց հողերից: Ճիշտ է, արտագաղթ էլ կա, բայց այն, որ գյուղերը վտանգի տակ են, դա մարդկանց կապում է հողին, նրանք հույս ունեն, որ վտանգի գոտում գտնվող իրենց տարածքները մի օր անպայման մշակելու են: Գյուղացիները աջակցության կարիք ունեն, առհասարակ մարդու կարիք ունեն: Միայն այն, որ Երևանից մարդ է այցելում, օտար մեքենա է հայտնվում գյուղում, իրենց հետ զրուցող կա, իրենց մասին հարցնող կա, արդեն մեծ բան է նրանց համար:

Ես միշտ ասում եմ` այդ տարածքներում պատերազմը չի ավարտվել, և մարդկանց տրամադրություններն էլ այնպիսին են, ինչպիսին կարող է լինել ամեն օր պատերազմի վտանգը զգացող, այդ վտանգի տակ ապրող մարդու տրամադրությունը: Շատ լավ կլիներ, որ նրանց հաճախ այցելեին քաղաքից` թե՛ պաշտոնյաներ, թե՛ պարզ քաղաքացիներ:

– Դուք ի՞նչ աջակցություն եք ցուցաբերում գյուղացիներին:

– Գյուղացու հիմնական եկամտի աղբյուրն իր հողն է, իսկ այսօր սահմանամերձ գոտում դժվար է հող մշակել, մի մասն ականապատված է, մի մասը գտնվում է կրակի գոտումգ Այս հանգամանքները հաշվի առնելով` մեր կազմակերպությունը գյուղացիներին ջերմոցներ է տալիս, որոնց մեջ նրանք բանջարեղեն են աճեցնում: Արդեն Բարեկամավան և Բերքաբեր գյուղերին տասնյակ ջերմոցներ ենք տվել, ծրագիրը շարունակելու ենք նաև այլ սահմանամերձ գյուղերում:

– Անհատո՞ւյց են տրամադրվում ջերմոցները:

George Tabakyan (2)– Գրեթե անհատույց. գումարի մի չնչին մասը նրանք սեզոնի վերջում, մթերքը մարզում վաճառելուց հետո վերադարձնում են, որն էլ կրկին իրենց գյուղում այլ ծրագրի վրա է ներդրվում:

Մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, մեր գումարները ստացվում են դրսի հայկական ընտանիքներից, ընդ որում` մեծ գումարներ չեն, և տրամադրողներն էլ մեծահարուստներ չեն, սովորական կյանքով ապրող ընտանիքներ են, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում աջակցում են` հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններից և Իռլանդիայից: Կրթական, մշակութային ծրագրեր ենք իրականացնում:

Օրինակ, Բերքաբերում քսան տարի մանկապարտեզ չկար, մեր միջոցներով մի շենք հարմարեցվեց, նորոգվեց, անցյալ շաբաթ արդեն 14 երեխա էր հաճախում մանկապարտեզ:

– Գործելով հասարակական ոլորտում` ինչպե՞ս եք տեսնում Հայաստանում հասարակական կազմակերպությունների դաշտը:

– Զարմանք է առաջացնում այն, որ Հայաստանի պես փոքր երկրում մոտ 2000 հասարակական կազմակերպություն կա, որի մեծ մասը հայտնի չէ, թե ինչով է զբաղվում` դրսից դրամաշնորհներ է ստանում, կամ պետությունից` փող, և իրականում գործ չի անում: Իհարկե, կարևոր գործեր անողներ էլ կան, բայց այն գյուղերում, որտեղ մենք լինում ենք, թղթի վրա անկապ անուններով տարբեր կազմակերպությունների ներկայացրած լիքը գեղեցիկ ծրագրեր կան` գեղեցիկ լուսանկարներով, բայց արդյունքում նույն այդ գյուղերում ո՛չ խմելու ջուր կա, ո՛չ ճանապարհգ Պարզապես անմարդկային է, որ 21-րդ դարում մարդը խմելու ջուր չունենա…

Հայաստանում հասարակական կազմակերպությունների դաշտը թափանցիկ չէ: Մենք ուզում ենք մեր գործունեությամբ նաև այդ թափանցիկությունը մտցնել: Համայնքները, որոնց աջակցում ենք, անմիջական կապի մեջ են նվիրատուների հետ, փորձում ենք նվազագույն ծախսերով մի բանի հասնել, շատ կազմակերպությունների պես ո՛չ գրասենյակ ենք հիմնել, ո՛չ ավելորդ միջոցներ ենք ներդնում կազմակերպչական և այլ ծախսերի վրա, այլ ինքներս միշտ լինելով տեղում, բոլոր գումարները տրամադրում ենք գյուղերին:

Մեր կազմակերպության մեջ աշխատող հինգ հոգին էլ` ես, Գայանե Գևորգյանը, Անահիտ Աղաջանյանը, Էրիկ Բաղդասարյանն ու Անահիտ Նազարյանը, մեր հիմնական աշխատանքներն ունենք, իսկ այս գործով զբաղվում ենք պարզապես հասարակական հիմունքներով:

– Դուք «Վերադարձ Հայաստանի» հիմնադիրներից եք: Խորհրդատվություն տրամադրելու Ձեր աշխատանքի ժամանակ ամեն օր առնչվում եք տարբեր խնդիրների: Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ինչ-որ բան փոխել Հայաստանում, ո՞ր ոլորտից կսկսեիք:

– Գյուղատնտեսությունից: Կառավարությունը պետք է գյուղատնտեսությունը համարի իր գերակա ճյուղերից մեկը և մեծ աշխատանք տանելով` ոտքի կանգնեցնի գյուղը: Ասում են` աշխատող չկա, ես համաձայն չեմ, լավ մասնագետներ էլ ունենք, լավ հողեր էլ: Հայաստանի գյուղերն այսօր մեր վերջին հայկական գյուղերն են, և այսօրվա գյուղացիները մեր վերջին գյուղացիներն են, եթե մենք կորցնենք գյուղը, մենք ամեն ինչ կկորցնենք:

Հսկայական անմշակ ու չկազմակերպված հողեր ունենք: Այսօր, երբ ամբողջ աշխարհում ուտելիքի ճգնաժամ է, մենք իրավունք չունենք այսպես անփույթ վարվելու մեր հողերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս