Բաժիններ՝

The Guardian-ը և The Washington Post-ը դարձել են Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրներ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական The Guardian և ամերիկյան The Washington Post թերթերը երեկ դարձել են Պուլիտցերյան հեղինակավոր մրցանակի դափնեկիրներ: 2013 թվականի ամռանն այդ երկու պարբերականներն առաջինն սկսեցին  հրապարակել ամերիկյան հետախուզության աշխատանքը բացահայտող հոդվածներ:

Համապատասխան նյութերը թերթերի լրագրողներին հատկացրել էր ամերիկյան ԿՀՎ-ի ու ԱԱԳ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: «Հասարակությանը ծառայելու համար» կատեգորիայի պարգևներն այդ թերթերի ներկայացուցիչներին կհանձնվի մայիսի 5-ին Նյու Յորքում՝ Կոլումբիայի համալսարանում:

Պուլիտցերյան հանձնաժողովը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ ԱՄՆ-ի կառավարության ու հասարակության միջև անվտանգ ու մասնավոր կյանքի հարցի շուրջ երկխոսության ծավալման հարցում օգնելու համար: «Օպերատիվ ռեպորտաժ» անվանակարգում հաղթել է  The Boston Globe թերթը՝ 2013 թվականի ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ գրանցված ահաբեկչությունը լուսաբանելու համար:

Ամերիկյան The New York Times թերթը հաղթել է «Օպերատիվ լուսանկարում» և «Ֆոտոռեպորտաժ» անվանակարգերում: Պուլիտցերյան մրցանակն ԱՄՆ-ի առավել հեղինակավոր պարգևներից մեկն է գրականության, լրագրողության, երաժշտության ու թատրոնի ոլորտում: Այն հանձնում են 1917 թվականից: Պարգևատրման արարողակարգն ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս