Այսօր Ղարաբաղը հայկական է, քանի որ հայերը պայմանավորվել են Ռուսաստանի հետ. Ալեքսանդր Դուգին. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը:

– Պարոն Դուգին, Դուք հարցազրույց էիք տվել` պնդելով, որ չի բացառվում, որ Ռուսաստանը կտրուկ քայլերի դիմի Ադրբեջանի նկատմամբ, եթե Ադրբեջանը ավագ եղբայր փորձի փնտրել Ռուսաստանից դուրս: Ի՞նչ նկատի ունեիք:

– Դա եղել է իմ հարցազրույցը ՄԱԿ-ի ԳԱ-ում ուկրաինական բանաձևի քվեարկությունից հետո, որի ընթացքում Ադրբեջանը կողմ էր քվեարկել բանաձևին: Ես ասել եմ, որ Ռուսաստանը հանդիսանում է հետսովետական յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության երաշխավորը: Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը ևս Ռուսաստանն է, Ղարաբաղի երաշխավորը ևս Ռուսաստանն է:

Եթե պատկերացնեք, որ Ռուսաստանը այդ գործառույթները վայր է դնում և իր վրայից հանում է, ո՛չ հայկական Ղարաբաղը, ո՛չ Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորված չեն, որովհետև Ռուսաստանը համաչափ «դերժավա» է, և բնականաբար Ռուսաստանի հարակից գոտում երկրները կարող են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը բացառապես Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ, այսինքն՝ կա՛մ պետք են չեզոք, կա՛մ մերձ հարաբերություններ:

Եթե անցկացնեն հակառուսական քաղաքականություն` գտնվելով հետսովետական տարածքում, տարածքային ամբողջականությունը դրվում է հարցականի տակ: Ես սա եմ նկատի ունեցել: Ես սա ասել եմ ադրբեջանցիներին, հայերին, վրացիներին, մոլդովացիներին, ուկրաինացիներին: Ես սա ասում եմ երևի թե 15 տարի: Սա ապացուցված փաստ է Հարավային Օսեթիայով, Աբխազիայով, Մերձդնեստրով, Ղրիմով և ապացուցված է նաև Ղարաբաղով, որովհետև այսօր Ղարաբաղը հայկական է, քանի որ հայերը պայմանավորվել են Ռուսաստանի հետ:

Այն, որ Բաքուն հանդես եկավ ընդդեմ Ռուսաստանի, ցույց է տալիս, որ ադրբեջանցիները մեզ մարտահրավեր են նետում, ինչպես Սաակաշվիլին և Կիևյան խունտան, իսկ նման քաղաքականությունը մենք գիտենք, թե ինչով է ավարտվում: Ադրբեջանում կա թալիշական գործոնը, լեզգիական գործոնը, կան շատ այլ գործոններ, որ Ադրբեջանը չի պատկերացնում, թե որքան լուրջ կարող են դառնալ: Ռուսաստանն ունի լծակներ և՛ բարեկամական լեզվով խոսելու, և՛ երկխոսության լեզվով խոսելու, և՛ թշնամական լեզվով խոսելու: Ի դեպ, ես որևէ մեկին չեմ սպառնում: Ինչ վերաբերում է Ղարաբաղին` չեմ կարծում, թե Ռուսաստանը նույնիսկ ծայրահեղ պարագայում կճանաչի ԼՂ անկախությունը, ներկայիս իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին:

Իրականում, եթե Ռուսաստանը սկսի խոսել Ադրբեջանի հետ, որն իրեն ոչ բարեկամաբար է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ, և դա ցույց տվեց ՄԱԿ-ի ԳԱ-ում նրա քվեարկությունը, ապա բացի ԼՂ-ից, կան մի շարք այլ գործոններ, որոնք կարող են գործարկվել Ռուսաստանի կողմից: Ռուսաստանը վերջնարդյունքում ունի նաև ԼՂ փաստը, սա վերջինն է լինելու, իրականում Ռուսաստանը չի շտապելու ԼՂ-ն օգտագործելու հարցում, բայց դա կա, դա այն գործիքն է, որը դեռ չի կրակելու: Եթե լինի Սաակաշվիլիի նման հակառուսական քաղաքականություն, ապա համապատասխանաբար հետևանքներն իրենց սպասեցնել չեն տա: Հայաստանի դեպքում ևս նման սցենարների պարագայում կարող է լինել նման սպառնալիք:

Ես շատ լավ եմ վերաբերվում հայերին, լավ եմ վերաբերվում նաև ադրբեջանցիներին: Իրականությունից պետք չէ վիրավորվել: ՄԱԿ-ի ԳԱ-ում պետք էր քվեարկել կամ մեզ հետ, կամ ձեռնպահ մնալ, իսկ հակառակը մեզ համար մարտահրավեր է այն դեպքում, երբ մենք զիջումների ենք գնում Ադրբեջանի դեպքում, այդպես չեն վարվում, Ռուսաստանի համար այդ բարդ վիճակում կարևոր էր յուրաքանչյուր քվեն, իսկ Հայաստանն իրեն դրսևորեց որպես հավատարիմ ընկեր, և դա գնահատված է իրականում, իսկ Ադրբեջանը անսպասելիորեն մեզ դավաճանեց, դա ևս մեր կողմից գնահատվել է, մենք լռելո՞ւ ենք, ոչ, իհարկե, բարև Ձեզ: Նրանք գնում են ինքնասպանության ճանապարհով:

– Ռուսաստանը հանդես է գալիս ինքնորոշման սկզբունքի դիրքերից, Ռուսաստանը մինչ Ղրիմը միացնելը ճանաչեց Ղրիմի անկախությունը, Ձեր վստահեցմամբ` Ռուսաստանն է ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը, այս պարագայում ինչո՞ւ Ռուսաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, և ՀԱՊԿ-ը, որի անդամը նաև Հայաստանն է, չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին:

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, չճանաչելով Ղարաբաղի անկախությունը, հնարավորություն է թողնում Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացման համար: Ադրբեջանը լուրջ տարածաշրջանային երկիր է, ի դեպ` Ռուսաստանի հետ կապված շատ աշխարհաքաղաքական, տնտեսական և պատմական կապերով: Չճանաչելով Ղարաբաղը՝ Ռուսաստանը պահպանում է կապերը: Սա իրականում կարևոր է, սրանով Ռուսաստանը ցույց է տալիս, որ հանդես է գալիս ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ ընդունում է, որ Ղարաբաղը Հայաստանինն է, բայց դե յուրե Ադրբեջանի կազմում: Այսպիսով Ռուսաստանը դե ֆակտո աջակցում է Հայաստանին և դե յուրե համաձայնում է Ադրբեջանի հետ: Ռուսաստանը կարող էր ճանաչել անկախությունը, բայց դրա համար պետք է փաստարկներ ունենա: Օրինակ` եթե ադրբեջանցիները կհամարձակվեն ամբողջությամբ փչացնել մեզ հետ իրենց հարաբերությունները, մենք կհանգենք նաև սրան:

Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս