
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանում 3 աննախադեպ իրադարձություն գրանցվեց. Արամ Մանուկյան

ՀԱԿ պատգավոր Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք աննախադեպ իրադարձություն գրանցվեց ՀՀ-ում՝ քառյակի հայտարարությունը եռօրյա նստացույցի և միտիգների մասին, որը տակնուվրա արեց ու շփոթեցրեց քաղաքական դաշտը, հաջորդը՝ լիդերների հանդիպումն էր, որ աննախադեպ էր քաղաքական մշակույթի, հանդուժողականության և հույսի առումով, և այսօր երրորդ լուրջ քայլն է՝ այս համաժողովը:
«Հասարակության մեջ ռեալ հույս և հավատ է առաջացել, որ այս քաղաքական ուժերը կարող են խնդիրները լուծել: Ես լավատես եմ, որ այդ հույսը կիրականացնենք»,- այսօր քառյակի տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Ա.Մանուկյանը:
Ըստ նրա՝ ցանկացած տնտեսություն քաղաքականության արդյունք է: Մանուկյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում որպես քաղաքական միավոր գոյություն չունի, հարևաննեըը մի քանի անգամ զարգացած են, ՀՀ-ն ոչ մի տարածաշրջանային ծրագրում ներառված չէ և ՀՀ-ի ապագան վտանգված է:
Նշելով, որ նման իրավիճակում ցանկացածը, ով կստանձնի վարչապետի պաշտոնը, 6 ամիս անց անհաջողության է մատնվելու, Ա.Մանուկյանը նշեց, որ քաղաքական ծրագիր է պետք և պետության առաջին դեմքը պետք է ինքը հրաժարվի ու կաշառք չվերցնի: