Սահմանադրական բարեփոխումները կարող են տապալվել
Ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի հայտարարություններ է արել, որոնք կարծես նախանշում են նրա քաղաքական ապագան: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սերժ Սարգսյանն իր հայտարարություններով փորձում է հավաստիացնել, որ իր նախագահության ժամկետի ավարտից հետո մտադրություն չունի շարունակել մնալ իշխանության մեջ և չի հավակնելու ոչ նախագահի, և ոչ վարչապետի պաշտոնին:
Իրականում Սերժ Սարգսյանը, ճիշտ հակառակը, բացահայտորեն և գրեթե անթաքույց հասկացնել է տվել, որ կարող է նախագահության ժամկետի ավարտից հետո լինել ՀՀ վարչապետ` ղեկավարելով Հանրապետական կուսակցությունը, և դրա համար անհրաժեշտ է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված փոփոխությունների տարբերակը մերժվի:
Իսկ որ հանձնաժողովի կողմից առաջարկված տարբերակը մերժվելու լուրջ հնարավորություն ունի, տեսանելի է նաև այսօր:
Իր խոսքում Սերժ Սարգսյանը հստակեցնում է, որ իր համար ընդունելին կառավարման գործող համակարգն է: «Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման այս փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Այդ դեպքում կարող է անհասկանալի թվալ, թե ինչու է հանձնաժողովը ներկայացրել գործող կառավարման համակարգը փոխելու առաջարկ: Սերժ Սարգսյանը տալիս է նաև այս հարցի պատասխանը. «Սակայն կարևոր է նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները»:
2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ խորհրդարանական ուժերից առնվազն երեքը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», առաջարկում էին անցում կատարել խորհրդարանական ընտրությունների 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Այս կուսակցությունները կողմ էին նաև կառավարման համակարգի փոփոխությանը` առաջարկելով գործող կիսանախագահական համակարգը փոխարինել խորհրդարանականով, որն ավելի կմեծացներ կուսակցությունների դերը քաղաքական համակարգում:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացրած առաջարկը մեծամասամբ համապատասխանում է քաղաքական ոչ իշխանական ուժերի պատկերացումներին, և Սերժ Սարգսյանը հայտարարելով, որ անձամբ իր համար այդ առաջարկներն անընդունելի են, փորձում է ցույց տալ, որ պատրաստ է հաշվի նստել այլ քաղաքական ուժերի պահանջների հետ:
Թվում է, թե այս կուսակցությունները պետք է ողջունեին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առաջարկը, սակայն նրանցից խորհրդարանում ամենաազդեցիկը` ԲՀԿ-ն, արդեն հասցրել է հայտարարել, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Կարելի է ենթադրել, որ իշխանությանը հակադրվելու նպատակով` նման դիրքորոշմամբ հանդես կգան նաև մյուս կուսակցությունները, իսկ հասարակության համար այս փոփոխությունների իմաստն ու նպատակն այդպես էլ անըմբռնելի կմնա:
Եթե Սերժ Սարգսյանի համար ընդունելի է կառավարման գործող համակարգը, իսկ մյուս կուսակցությունները դեմ են առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, անհասկանալի է, թե ով է կանգնած լինելու այդ փոփոխությունների հետևում, ով է առաջ մղելու այդ փոփոխությունները, ով է քարոզելու դրանց համար. պարզ ասած` ով է լինելու այդ փոփոխությունների տերը:
Այս «անտերության» իրավիճակում ավելի հավանական է, որ սահմանադրական փոփոխությունները կտապալվեն, այսինքն` կշարունակի գործել ներկա Սահմանադրությունը:
«Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ` կառավարման պառլամենտական մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»,- հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ ի՞նչ կլինի, եթե քննարկումների վերջնական արդյունքում պառլամենտական կառավարման մոդելը մերժվի: Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին, եթե..: Սա նշանակում է, որ եթե իր համար անընդունելի մոդելը մերժվի` ինքը կարող է և հավակնել վարչապետի պաշտոնին:
«Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Գործող Սահմանադրության մեջ հստակ է գրված, որ Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Սա նշանակում է, որ իր նախագահության ավարտից հետո դառնալով վարչապետ` նա ֆորմալ առումով չի հակասի նաև իր այս հայտարարությանը, քանի որ չի լինի երկրի ղեկին: Նախագահ կարող է լինել ցանկացած անձ, այդ թվում` ընդդիմությունից: Նույնիսկ գործող Սահմանադրությամբ, եթե նախագահը չի ներկայացնում խորհրդարանական մեծամասնությունը, նրա պետության գլուխ լինելը ոչինչ չարժե:
Եվ ամենավերջում Սերժ Սարգսյանն ասում է. «Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, ՀՀԿ-ն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ և որոշիչ դերակատարումը Հայաստանում»:
Եթե նա նման հայտարարություն աներ ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի նիստում, հասկանալի կլիներ: Բայց նա ՀՀԿ որոշիչ և ծանրակշիռ դերի մասին խոսում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, ովքեր կուսակցականներ չեն, և նրանց պետք է որ չհետաքրքրի, թե ինչ դեր է ունենալու ՀՀԿ-ն կամ մյուս կուսակցությունները:
Սերժ Սարգսյանը` խոսելով ՀՀԿ-ի որոշիչ դերի մասին, ամենայն հավանականությամբ, ակնարկել է, որ խոսքը քաղաքական ու պետական կառավարման համակարգում իր ապագա դերակատարության մասին է: