
Հայաստանին պակասում է կարգապահ մարդը. Զոյա Թադևոսյան

«Հայաստանը որևէ մեկի սեփականությունը չէ: Եթե որևէ մեկը գալիս է իշխանության, պետք է հաշվի նստի բոլոր ուժերի հետ: Եվ սա պետք է մշակույթ դառնա»,- այսօր քառյակի հրավիրած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:
Ըստ նրա՝ սոցիալ-տնտեսական ծրագիրը պետք է իրականության օբյեկտիվ հիմքեր ունենա և այդ դեպքում առաջընթաց կապահովի: Թադևոսյանը նշեց, որ իրենց խնդիրն է ոչ միայն տնտեսական բարեփոխումների հիման վրա ապահովել կայուն տնտեսական աճ, այլ նաև ապահովել նոր սոցիալական որակական փոփոխություններ:
Թադևոսյանը կարևորեց ազնվությունը. «Տնտեսական լուրջ գործոն է ազնվությունը: Սինգապուրյան, չինական, գերմանական, հարավկորեական մոդելներն ամբողջությամբ կազմված են կարգապահական գործոնի վրա: Հայաստանին պակասում է կարգապահ մարդը: Հետևաբար՝ խնդիրը պետք է լինի առաջին հերթին այդ մարդու ձևավորումը»:
Թադևոսյանի կարծիքով՝ պահանջարկի տնտեսությունից պետք է անցում կատարել առաջարկի տնտեսությանը. «Ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է սեփական ներդրումների հշվին տնտեսությունը վեր խոյացնել»: