
Արտակ Զաքարյանը դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենեդեսին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենեդեսին: Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի սենատոր Մենենդես
Հայաստանում մենք ոգևորությամբ իմացանք, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և քաջարելում է Միացյալ նահանգների Նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտահայտում է և ընդունում է այս սարսափելի հանցագործության դասերը:
Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ՝ Հայաստանի վաղեմի բարեկամին, այս ջանքերը առաջնորդելու համար և ցանկանում ենք արտահայտել մեր երախտիքը բոլոր սենատորներին, ովքեր քվեարկել են այս կարևոր բանաձևի օգտին:
Մենք նաև ոգեշնչված ենք Ձեր պարզ, բայց միանշանակ և հստակ հայտարարությամբ. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է, և դուք չեք կարող այն կոչել այլ կերպ, դուք կարիք ունեք ճանաչելու այն»: Միացյալ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն ունի. այն անկասկած կլինի նոր խթան Ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացի համար, որի ժամանակը վաղուց հասել է:
Քանի որ մենք արագորեն մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այս ոճրագործության՝ ըստ հարմարավետության բնորոշումը չի կարող այլևս ընդունելի լինել ամերիկյան ժողովրդի համար, ով ունի խորը արմատավորված վստահություն ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդասիրության և պատմական արդարության համընդհանուր արժեքների նկատմամբ: Մենք մնում ենք հույսով, որ Ձեր առաջնորդության ներքո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը լավ փաստագրված է ամերիկյան արխիվներում, կհասնի իր տրամաբանական ավարտին՝ խափանելով ապարդյուն ջանքերը՝ ուղղված այս սարսափելի հանցագործությունը մոռացության մատնելուն և կանխարգելելով հակամարդկային նոր նմանատիպ գործողությունները:
Ընդունեք խնդրեմ, սենատոր, հարգանքներիս հավաստիքը»: