Արտակարգ ներքաղաքական դրություն. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը «Վերլուծական» խորագրի ներքո գրում է. Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին որոշման հետաձգումը Հայաստանում ստեղծել է գրեթե արտակարգ քաղաքական իրավիճակ, կամ ավելի շուտ` բացահայտել այդ իրավիճակը:
Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՍԴ որոշումից հետո իշխանությունները փորձում էին ապակողմնորոշել հասարակությանը, և նրանց զգալիորեն հաջողվել էր խառնաշփոթ իրավիճակ և տրամադրություններ ստեղծել հասարակության շրջանում, երբ մարդիկ չգիտեն ի վերջո ինչ անել՝ վճարե՞լ ապօրինի և հակասահմանադրական ճանաչված պարտադիր գումարները, թե՞ ոչ: Սակայն քաղաքացիներին անորոշության և խառնաշփոթի մատնող իշխանությունները այսօր ակնհայտորեն իրենք են խառնաշփոթի մեջ, ինչի մասին են վկայում նոր վարչապետի նշանակման շուրջ բանակցությունները:
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, ըստ էության, շոկային վիճակում հայտնված քաղաքական դաշտում բոլորը կողմնորոշվեցին մեկ-երկու օր հետո: «Հրաշալի քառյակը» սկսեց տարածել, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը պայմանավորված էր շուրջօրյա հանրահավաքների իր սպառնալիքով, իսկ իշխանություններն էլ սկսեցին տարածել տեղեկություններ, որ վարչապետի պաշտոնանկությունը նախապես պլանավորված էր, պարզապես հետաձգվել էր Սերժ Սարգսյանի ցանկությամբ: Այս ամենին զուգահեռ` ինտենսիվ տեղեկություններ սկսեցին տարածվել, որ գրեթե որոշված է, որ նոր վարչապետը Հովիկ Աբրահամյանն է լինելու` որպես, այսպես ասած, քառյակի համար էլ ընդունելի թեկնածու՝ հատկապես, որ նա Գագիկ Ծառուկյանի է խնամին է և այսպես ասած` ներիշխանական կամուրջ իշխանության թևերի միջև:
Եվ ահա, այս տեղեկատվական ալիքներից հետո հանկարծ պարզվում է, որ ՀՀԿ ԳՄ նիստում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը չի հաստատվում և առնվազն հետաձգվում է, ընդ որում` բացակայում է որևէ հոդաբաշխ բացատրություն այն մասին, թե ինչու է հետաձգվում, կամ ընդհանրապես նրա անունից բացի` այլ անուն կա՞, թե՞ չկա: Այս իրավիճակում չափազանց խոսուն է այն, որ Հովիկ Աբրահամյանի մասին որոշման հետաձգմանը զուգահեռ, ըստ էության արտակարգ հավաք է կազմակերպվում Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Ստեփան Դեմիրճյան ֆորմատով: Առաջին հարցը, բնականաբար, բոլորի մոտ դա էր՝ ո՞ւր են դաշնակները: Իսկ դաշնակները երեկ հայտարարել են՝ Արմեն Ռուստամյանի բերանով, որ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցություններում քննարկել են սկզբունքների և ծրագրերի, հայտնի 7 կետերի հարցերը, իսկ անձերի անուն չեն շոշափել: Սա, բնականաբար, հարց է առաջացնում՝ Դաշնակցությունը լքո՞ւմ է քառյակը, թե՞ քառյակն է որոշել առաջին դեմքերի մակարդակով հավաքվել առանց Դաշնակցության:
Հարցերն ընդհանրապես շատ են, և ինչպես երևում է` չկան պատասխաններ, ըստ որում` ոչ միայն պատասխաններ հասարակության համար, այլ նաև սուբյեկտներն` իրենք իրենց: Այլ կերպ դժվար է պայմանավորել ապրիլի 10-ի, ըստ էության, արտակարգ ներքաղաքական դրությունը: Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը դարձել է տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիայի, թյուրըմբռնումների կամ էլ պարզապես հընթացս խախտվող պայմանավորվածությունների զոհ: Թե հատկապես ով է այդ ինչ-որ մեկը` դժվար է ասել: Չի բացառվում, որ զոհ են բոլորը, և ըստ էության` տեղի է ունեցել մի բան, որը Հայաստանից դուրս է: Սա ամենևին անհավանական վարկած չէ, սակայն մյուս կողմից` ոչ ավելի հավանական, քան ներքին այլ պատճառներ ենթադրող վարկածները:
Համենայնդեպս, փաստերի և հստակ տեղեկատվության բացակայությունը հանրությանը բացի տարաբնույթ ենթադրություններից, այլ մեկնությունների հնարավորություն չի տալիս: Եվ միայն ժամանակի ընթացքում կարող է պարզ դառնալ, թե ով է ում կանգնեցրել փաստի կամ անակնկալի առաջ, կամ ով է ում «գցել»: Կա՛մ Սերժ Սարգսյանն է վերջին պահին հրաժարվել Հովիկ Աբրահամյանից, կա՛մ պարզ է դարձել, որ նա ընդամենը խորամանկել է նրա թեկնածության մասով, կա՛մ էլ քառյակը կամ չորսից մեկն են խախտել ինչ-որ պայմանավորվածություններ, ինչի պատճառով էլ Սերժ Սարգսյանը հրաժարվել կամ առկախել է Աբրահամյանի նշանակումը, մինչև կստանա հարցերի պատասխաններ ու որոշակի երաշխիքներ հետագա էքսցեսներից ապահովագրվելու մասով:
Չի բացառվում նաև հասարակությանը գլոբալ առումով գցելու տարբերակը՝ քաղաքական խաղարկային ժանրի հերթական ակտով հանդերձ: Զուգահեռաբար, պակաս հավանական չէ նաև տարբերակը, որ կողմերը պարզապես չեն եկել որևէ հարցում վերջնական համաձայնության, և ըստ էության արտակարգ իրավիճակ գոյություն չունի, և ընդամենը գնում է հայկական քաղաքականության համար միանգամայն սովորական դարձած «մաքոքային» ինտրիգների մի գործընթաց, որտեղ հապշտապությունն ուղղակի պայմանավորված է նրանով, որ վարչապետի պաշտոնում նշանակման համար կան սահմանված հստակ ժամկետներ, որոնք սպառվում են, իսկ դիմացն էլ շաբաթ-կիրակի է»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։