Թուրքիայի կառավարությունն իրավիճակը գնահատելուց հետո պաշտոնապես կարձագանքի Սենատի հանձնաժողովի ընդունած բանաձևին. Բաբաջան
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովը բանաձև է ընդունել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին: Թիվ 410 բանաձևում Սենատին կոչ է արվում նշել այդ հանցագործության տարելիցը:
Բանաձևի օգտին արտահայտվել է 12 սենատոր, իսկ դեմ՝ 5-ը: Հանձնաժողովը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և նրա տարելիցը նշելու օգտին: Հանձնաժողովը բաղկացած է 18 սենատորից, որոնցից 10-ը՝ դեմոկրատ են, իսկ 8-ը՝ հանրապետական:
Քվեարկության ժամանակ հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը մասնավորապես հայտարարել է. «Ես կարծում եմ, որ ինձ համար և բարի կամքով բոլոր մարդկանց համար գոյություն ունի պարզ համոզմունք, որ ցեղասպանությունը դա ցեղասպանություն է, և դուք չեք կարող այն անվանել որևէ այլ կերպ, դուք պետք է ճանաչեք այն»:
Ապրիլի սկզբին չորս կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի դիտարկմանն է ներկայացրել մի բանաձև, որը երկրի նախագահ Բարաք Օբամային կոչ է անում աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հենված Թուրքիայից կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: Համանման բանաձև ԱՄՆ Սենատի դիտարկմանն են ներկայացրել Ռոբերտ Մենենդեսի ու սենատոր Մարկ Կիրկի կողմից:
Թուրքական Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Վաշինգտոնում թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայումս Անկարայում գնահատական են տալիս տվյալ բանաձևի ընդունմանը, ինչից հետո Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես կարձագանքի դրան:
Բաբաջանն ԱՄՆ-ին մեղադրել է տվյալ հարցում «անիրազեկության» մեջ՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ ԱՄՆ-ն աշխարհագրական առումով բավական հեռու է գտնվել 99 տարի առաջվա դեպքերի վայրից: Նա ընդգծել է, որ այդ բանաձևի ընդունումը «ամբողջովին կապված» է ԱՄՆ-ի ներքին քաղաքականության հետ և «ուղղված» է ներքին լսարանին: