
Ադրբեջանի Հաշվիչ պալատն ԱԳՆ-ին մեղադրել է կոռուպցիոն գործունեության մեջ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հաշվիչ պալատը հանդես է եկել սենսացիոն հաշվետվությամբ, որում ԱԳՆ-ին մեղադրել է կոռուպցիոն գործունեության մեջ:
2013 թվականն ամփոփող հաշվետվության համաձայն, Հաշվիչ պալատը լուրջ խախտումներ է հայտնաբերել ԱԳՆ-ում՝ կապված բյուջետային միջոցներ վատնելու հետ: Մասնավորապես, ապօրինի ուռճացվել է նախարարության աշխատակիցների, ապօրինի գործուղումների հաստիքը:
Աուդիտի ժամանակ պարզվել է, որ ծախսերի հետ կապված մի շարք կանխատեսումներ կեղծվել են, իսկ պետական միջոցները ծախսվել են ոչ իրենց նշանակությամբ:
Պարզվել է նաև, որ գերատեսչությունում անցկացվել են կադրային ապօրինի նշանակումներ, իսկ մի շարք բաժիններ ունեցել են ավելի քիչ աշխատակիցներ, ինչը հակասել է կառավարության համապատասխան որոշումներին:
Հաշվիչ պալատը պարզել է, որ ԱԳՆ-ի մի շարք աշխատակիցների վաղաժամ շնորհվել են պետծառայողների կոչումներ, իսկ մի շարք աշխատակիցների էլ տրվել են ավելի մեծ աշխատավարձեր, քան դա նախատեսված է եղել օրենսդրությամբ:
Ստուգման ժամանակ հայտնաբերվել են նաև աշխատակիցներին դիվանագիտական աստիճաններ շնորհելուն առնչվող խախտումներ: Հայտնաբերվել են նաև այլ բնույթի խախտումներ: Հաշվիչ պալատն այդ ամենի մասին իրազեկել է Ադրբեջանի խորհրդարանին: