Աշոտ Մանուչարյան. Իշխանությունը երբևիցէ այսպիսի թույլ վիճակում չի եղել

Հայաստանում իշխանությունը երբևիցէ այսպիսի թույլ վիճակում չի եղել: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Աշոտ Մանուչարյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն անձնական կարծիք էր հայտնել, որ ընդդիմությունը ոչ մի դեպքում չպետք է խաղերի մեջ մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարությանը:

Իսկ Սերժ Սարգսյանի իշխանության մասին մասնավորապես ասել էր հետևյալը. «Վեց տարի առաջ Սերժ Սարգսյանը վայելում էր արտաքին աշխարհի լիակատար աջակցությունը, իսկ հիմա հայտնվել է միջազգային «իզգոյի» վիճակում, որի ճակատագիրն այլևս ոչ ոքի չի մտահոգում։ Եվ վերջապես ամենակարևորը՝ 2008-ին Սարգսյանն իր աչքի առջև դեռևս չուներ Կադաֆիի, Մուբարաքի և Յանուկովիչի անփառունակ վախճանի տեսարանը։ Մի խոսքով, Սերժ Սարգսյանն այլևս դիմադրության ռեսուրս չունի. վարչապետի զոհաբերությամբ նա մատնել է իր թուլությունն ու փաստորեն ընդունել իր պարտությունը։ Նրան մնում է շնորհակալությամբ ստանալ իրեն առաջարկված անձեռնմխելիության երաշխիքները և խոնարհաբար հեռանալ ասպարեզից»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, առաջին նախագահի նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը այսպես մեկնաբանեց Տեր-Պետրոսյանի խոսքերը.

Կարդացեք նաև

«Այն, որ չպետք է համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, դա երևի նախադասության սկիզբն է: Եթե նա (Լևոն Տեր-Պետրոսյանը,- Ա.Ս.) ասեր` քանի որ Սերժ Սարգսյանը սպասարկում է դիվային համակարգին, չպետք է համագործակցել դիվային համակարգի հետ և սպասարկել նրան, դա ինձ համար կլիներ ամբողջական, ընդունելի պատասխան: Ինչ վերաբերում է իշխանության վիճակին, Հայաստանում իշխանությունը երբևիցէ այսպիսի թույլ վիճակում չի եղել, և շատ ցավալի է:

Երկրի գործերի կառավարման համակարգը (ես արդեն չեմ օգտագործում «իշխանություն» տերմինը) պետք է շատ ամուր լինի, շատ ինտեգրված և ամբողջականացնի ողջ հայությունը: Այդ իմաստով` ես կողջունեի այն բոլոր առաջարկները, որոնք կապված են ժողովրդական վստահության կառավարման համակարգ ձևավորելու հետ` ներառյալ Սփյուռքի ներկայացուցիչներին: Հիմա մեզ պետք է սրընթաց անցում այդպիսի ամբողջականացմանը: Հակառակ դեպքում` մարտահրավերները, ավելի ճիշտ` կործանարար գործընթացները, որ ընթանում են, մեզնից շատ-շատ բան են տանելու: Պարտադիր չէ, որ ևս 100 տարի հետո հայերով հավաքվենք ու լաց լինենք մեր դժբախտ ճակատագրի համար»:

Տեսանյութեր

Լրահոս