«Նշանակում է` խումբն է ուտելիքը մատուցելու դևին». Աշոտ Մանուչարյանը` սահմանադրական բարեփոխումների մասին
«Եթե պատկերավոր ներկայացնենք Հայաստանի իրավիճակը, հետևյալն է` Հայաստանում բավական երկար ժամանակ` 20-25 տարի, իշխում է յոթգլխանի դևը, որը հոշոտում է հանրապետությունը: Քանի որ սիրում ենք լեգենդներով, հեքիաթներով խոսել, միգուցե այս ձևով փորձեմ ներկայացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով ստեղծված ներքաղաքական վիճակին:
Մանուչարյանն այդ «դևին» այսպես նկարագրեց. «Այն ունի չորս տնտեսական գլուխ` օլիգարխիա, օֆշորներ, բանկեր և հանքային համակարգ, որոնք հոշոտում են ամեն ինչ: Մյուս երեքը` ապահովող և կառավարող գլուխներն են, մեկը կոչվում է երկրի քաղաքական համակարգ, որը ոչ մի կերպ չի ընդվզում ընդդեմ դևի իշխանության, այսինքն` միայն խոսում են դևին բարիացնելու, դաստիարակելու, նրան թաշկինակ նվիրելու և այլնի մասին»:
Իսկ մյուս երկու գլուխները, ըստ Մանուչարյանի, հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցներն են: Նրա կարծիքով` այս երկուսն ապահովում են, որ երկրի բնակչությունը լինի բավականաչափ հիմարացված և «ծառայի դևին»:
Այսպիսով, նա կարծում է, որ այսօր քաղաքական դաշտում քննարկվող միակ հարցն է, թե «ո՞վ է ուտելիքը մատուցելու դևին»:
«Կան ավելի ռադիկալ մոտեցումներ, օրինակ` ազատամարտիկներն ասում են` գնանք սպանենք դևին»,- ավելացրեց նա:
Միաժամանակ Աշոտ Մանուչարյանը կարծիք հայտնեց, թե Արևմուտքի և Ռուսաստանի սաստկացող հակամարտության պայմաններում արտաքի՛ն իրավիճակն է դառնալու գերիշխող և թելադրող, «այնպես որ, դևը և նրա սպասավորները բավական տխուր վիճակում են»:
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակին և նոր կառավարության հնարավոր կազմին` Աշոտ Մանուչարյանը նշեց, թե լավ կլինի, որ «պայմանական ընդդիմադիրները», որոնց մեծ մասը եղել է նույն կառավարման համակարգում և իրականացրել նույն քաղաքականությունը, իշխանության հետ չմտնեն գործարքների մեջ, որովհետև ամեն մի գործարք կոտրած տաշտակի առջև է թողնում մարդկանց մի հսկայական բազմություն, որը ոտքի է կանգնել` այս իրավիճակը փոխելու համար:
Լրագրողները Մանուչարյանին խնդրեցին անդրադառնալ նաև ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից այսօր հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին, որով նախատեսվում է Հայաստանը դարձնել խորհրդարանական կառավարման հանրապետություն, երբ ավելի մեծ լիազորություններ կունենա վարչապետը:
«Նորից անցնեմ առասպելաբանական լեզվին. դա նշանակում է, որ խումբն է ուտելիքը մատուցելու դևին, թե մեկ հոգի, նախագահը, թե իշխող խմբակը: Այս իմաստով` միակ իրական բարեփոխումը արժեհամակարգի փոփոխությունն է: Եթե դա չանենք, մարդիկ շարունակելու են գնալ ռոբոտացման ճանապարհով, շարունակելու են ստեղծել այն անհեթեթ միջավայրը, որ մարդու մեջ սպանում է մարդկայինը: Սա, ըստ էության, հակամարդկային, ֆաշիստական համակարգ է, ռասիստական համակարգ է: Սա համամոլորակային համակարգ է, և պետք է աշխատել հնարավորինս շուտ ձերբազատվել դրանից»,- այսպես մեկնաբանեց Աշոտ Մանուչարյանը: