
Եվրոպան մտադիր է մինչև 2020 թվականը մեկ քառորդով նվազեցնել ռուսական գազի ներկրումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպան պատրաստվում է մինչև ընթացիկ տասնամյակի ավարտն ավելի քան մեկ քառորդով կրճատել ռուսական գազի ներկրումը՝ կապված ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացման հետ:
Գործակալության հաշվարկներով՝ ԵՄ-ի պատրաստած միջոցները կօգնեն Եվրոպային Ռուսաստանից գազի ներկրումը մինչև 2020 թվականը նվազեցնել 45 միլիարդ խորանարդ մետրի, ինչը դրամական արտահայտմամբ տարեկան կկազմի 18 միլիարդ եվրո:
2010 թվականից եվրոպական շուկայում ռուսական գազի մասնաբաժինն աճել է 10 տոկոսով՝ մինչև 33 տոկոսի: Վերլուծաբանները մինչև Ուկրաինայի դեպքերի սկսվելը ակնկալում էին, որ այդ ցուցանիշը կպահպանվի նաև առաջիկա տարիներին: Սակայն Ղրիմի բռնակցումը փոխեց այդ հաշվարկները:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ իրենք լրջորեն մտադրվել են նվազեցնել իրենց էներգոկախվածությունը: Այդ ուղղությամբ ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում են ռուսական «Գազպրոմի» եվրոպական խոշորագույն գնորդները՝ Գերմանիան ու Իտալիան, ինչպես նաև Լեհաստանը:
Գերմանիան, ուր գազի տարեկան սպառումը կազմում է ավելի քան 80 միլիարդ խորանարդ մետր, այդ ծավալի 2/3-ը գնում է Ռուսաստանից, և վերջին 20 տարում կայուն մեծացրել է ռուսական գազի ներկրումը: