Հակամարտության լուծման 3-րդ տարբերակը Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելն է. ՌԴ Պետդումայի պատգամավոր. 1in.am

«Առաջին լրատվական»– զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տարածաշրջանային քաղաքականության  հանձնաժողովի փոխնախագահ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ծագումով Մերձդնեստրից Ռոման Խուդյակովի հետ

– Պարոն Խուդյակով, Հայաստանում, որը ՄՄ անդամակցության ճանապարհին է, կառավարություն է փոխվում: Հայաստանում տեսակետներ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը գնաց կառավարության փոփոխության նաև այն պատճառով, որպեսզի հետաձգի ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին: Հայաստանում կառավարության փոփոխությունը կարո՞ղ է որոշակիորեն ձգձգել անդամակցման գործընթացը:

– Ես կարծում եմ, որ կառավարության փոփոխությունն ուժեղ կերպով չի անդրադառնա ՄՄ անդամակցության գործընթացի վրա:  Նման որոշումներն ընդունվում են  չափազանց կշռադատված  կերպով և չպետք է որևէ կերպ կախված լինեն ընթացող քաղաքական զարգացումներից:  ՀՀ նախագահը երևի իր պատճառներն է ունեցել այդ փոփոխության համար, բայց ՄՄ-ի մասին խոսք լինել չի կարող: Ինչո՞ւ ձգձգել այդ գործընթացը, եթե այն միայն շահավետ է Հայաստանի համար:  Դա անտրամաբանական է: Վստահ եմ, որ Հայաստանը կդառնա ՄՄ անդամ, և ՄՄ բոլոր անդամները կլինեն շահեկան վիճակում. ընդհանուր շուկա, ընդհանուր սահմաններ, մշակութային տարածք՝ սա միայն  դրական է մեր երկրների համար:

– Ղրիմյան իրադարձություններից հետո շատ են զուգահեռներ տանում Ղրիմի և Ղարաբաղի միջև: Որոշ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ կանխատեսում են, որ ՌԴ հավակնությունները կհասնեն նաև Ղարաբաղ: Այս տեսակետները, կարելի է ասել, ավելի հաստատվեցին Ժիրինովսկու հայտնի հայտարարությունից հետո, թե՝ Ղարաբաղը պետք է մտնի ՌԴ կազմ, եթե հակամարտող կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:  Ինչպե՞ս եք վերաբերվում նման կանխատեսումներին, և ի՞նչ էր նշանակում Ժիրինովսկու հայտարարությունը:

– Բնականաբար, ԼՂ հակամարտությունը վաղ թե ուշ պետք է հանգուցալուծվի: Բայց այսօրվա դրությամբ ՌԴ-ն, ավելի շուտ,  ակտիվորեն չի մասնակցի գործընթացին: Մենք հիմա Ուկրաինայում սուր ճգնաժամի ականատեսն ենք, այդ թվում՝ Մերձդնեստրի շրջափակման. այս ամենը մեր ԱԳՆ-ի ուշադրությունը զբաղեցնում է:

Վլադիմիր Վոլֆովիչն առաջարկել է  հակամարտության կարգավորման մի  տարբերակ:  Որպեսզի հակամարտությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հանգուցալուծվի, պետք է փնտրել լուծման երրորդ տարբերակ:  Այս տարբերակը կարող էր լինել ԼՂ-ի միացումը ՌԴ-ին, եթե ԼՂ բնակչությունը ունենա նման ցանկություն:  Նրան միանգամից սկսեցին մեղադրել անջատողականության մեջ, այնինչ նրա նպատակը  նոր պատերազմ թույլ չտալն է:  Կարծում եմ, որ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար Հայաստանն ու Ադրբեջանը կարող էին համաձայնել այս սցենարի հետ:   Ամենակարևորը նոր արյունահեղություն թույլ չտալն է: Ամեն դեպքում,  հակամարտության կարգավորումը կարճաժամկետ գործընթացում քիչ հավանական է:

– Հետաքրքրական է այն, որ վերջերս ազգերի ինքնորոշման սկզբունքի դիրքերից հանդես եկող Ռուսաստանը դեռ չի ճանաչել ԼՂ անկախությունը: Դուք նշում եք, որ Մերձդնեստրի բնակչությունն արժանի է ճանաչման, իսկ ԼՂ ժողովուրդն արժանի չէ՞:

– Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը միշտ հանդես է եկել ազգերի ինքնորոշման սկզբունքի դիրքերից: Բայց այդ ինքնորոշումը միշտ պետք է ընթանա խաղաղ ճանապարհով: Տաք գոտիներում անհրաժեշտ է զգույշ մոտեցում՝ արյունալի դիմակայություն թույլ չտալու համար: Մարդկային կյանքերն ամենից վեր են, ուստի որոշ հարցեր պահանջում են ավելի փուլային բանակցություն՝ հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս