Քեսաբում մնացած հայերին տեղափոխել են Թուրքիա. Եկան զինյալները, նրանց հանին՝ դրին Թուրքիո տարին (տեսանյութ). ԳԱԼԱ
Զինված խմբավորումները Քեսաբում մնացած տասնյակ տարեց քեսաբահայերի տեղափոխել են Թուրքիա: Այսպիսի տեղեկություն է հայտնում www.yerakouyn.com-ը՝ ներկայացնելով նաև տեսանյութ: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը հաստատել է այս տեղեկությունը. «Եկան զինյալները, նրանց հանին՝ դրին Թուրքիո տարին»,- նշել է Վազգեն Չափարյանը՝ ավելացնելով, որ դա մեկնաբանվում է որպես նրանց անվտանգության ապահովմանը ուղղված քայլ:
Հիշեցնենք՝ մարտի 21-ի առավոտյան սիրիական Քեսաբ քաղաքը լայնամասշտաբ հարձակման էր ենթարկվել երկրի ընդդիմության զինված ավազակախմբերի կողմից։ Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ ներխուժել էին Սիրիա Թուրքիայի տարածքից։ Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել է Լաթաքիա և ապաստան գտել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Մի քանի տարեց քեսաբահայեր, սակայն, մնացել էին Քեսաբում, և ամենայն հավանականությամբ հենց նրանց են տեղափոխել Թուրքիա: Հարկ է նաև նշել, որ ըստ տեսանյութի մեկնաբանությունների՝ վերջիններիս Թուրքիա են տեղափոխել իրենց կամքին հակառակ, քանի որ նրանց պարտադրվել է նաև գլխաշորեր հագնել: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ ԱԳՆ ստուգում է այս տեղեկությունը և դեռևս այս թեմայով որևէ մեկնաբանություն չի կարող տալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: