Բաժիններ՝

Վերահսկիչ պալատը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել գյուղատնտեսության ոլորտում

2013 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացրել է մի քանի ուղղություններով և արձանագրել բազմաթիվ խախտումներ և թերություններ: Ինչպես նշվում է ՎՊ զեկույցում, մասնավորապես, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր, որոնք բացասաբար են անդրադառնում ոլորտի առջև ծառացած խնդիրների կարգավորմանը:

ՎՊ-ն առանձին անձրադարձել է «Գյուղական ենթակառուցվածքներ»  ծրագրին, որի նպատակն է` բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը և ապահովել տնտեսական աճ, ինչի համար նախատեսվել է 31.0 մլն ԱՄՆ դոլար:

Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների (հիմնականում` գազաֆիկացման աշխատանքներ) իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ՍԱԴԵ» ԲԸ (Ֆրանսիա),  «Բլեսկ» ՍՊԸ (ՌԴ) ՀՁԳ-ի և «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ, համապատասխանաբար` 4.9 մլրդ դրամ և 803.4 մլն դրամ արժեքով:

Գազաֆիկացման աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգվել են 7 համայնքում կատարված աշխատանքները:

Խոզնավար, Խնածախ, Վաղատուր և Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613.3 մլն դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են և չեն շահագործվել:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները: Ընդհանուր առմամբ այդ քայքայված և չշահագործվող մայր գազատարների շինարարության  ծախսը կազմել է շուրջ 147.6 մլն դրամ:

Նախկինում կառուցված անորակ և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից չընդունված գազատարների մասով 2012 թվականին կնքված պայմանագրերում քայքայված և անպիտան խողովակների վերականգնման, փչամաքրման և փորձարկման աշխատանքների համար նախատեսվել է շուրջ 22.2 մլն դրամ գումար:

Վերահսկիչ պալատը առաջարկել է այդ գումարը չվճարել կապալառուին:

Սյունիքի մարզի Խնածախ համայնքում պայմանագրով խողովակների փչամաքրման համար նախատեսվել է ծախսել 21.2 մլն դրամ` 23704 գծամետրի համար: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ խողովակների երկարությունը (ներառյալ` նախկինում կառուցված գազատարը) իրականում ավելի քիչ է 4300 գծամետրով: Ավելի նախատեսված 4.7 մլն դրամը ենթակա է պայմանագրի գումարից նվազեցման:

Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի գազաֆիկացման աշխատանքների նախահաշվում մետաղական խողովակների փչամաքրման և փորձարկման միավորների սխալ կիրառման արդյունքում նախահաշվային արժեքն ավելի է հաշվարկվել 13.8 մլն դրամով:

Հաշվի առնելով արձանագրված բոլոր թերությունները, Վերահսկիչ պալատն առաջարկել է Սյունիքի մարզի Խնածախ և Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքների գազաֆիկացման աշխատանքների պայմանագրերի արժեքը 27.2 մլն դրամով նվազեցնել:

Վերահսկիչ պալատը ՀՀ կառավարությանն առաջարկել է նախկինում կառուցված անորակ, քայքայված և «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից չընդունված գազատարների մասով նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս