ՌԱԿ հայտարարությունը ՀՀ վարչապետի հրաժարականի առիթով
Ռամկավար Ազատական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը որպես ՀՀ վարչապետ եւ հաստատում է, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի եւ քաղաքական նոր մթնոլորտի ձեւավորման վրա:
Տիգրան Սարգսյան վարչապետը, ըստ մեր գնահատման, հանդիսանում էր միջազգային ատյաններում բարձր հեղինակություն վայելող ՀՀ կառավարության ղեկավարներից : Սա էր պատճառը, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի ամենածանր շրջանում ՀՀ կարողացավ ներգրավել վարկային նոր միջոցներ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:
Նախկին վարչապետը հսկայական աշխատանք կատարեց ստեղծելու համար տարածաշրջանի ամենակայուն ֆինանսական համակարգը: Միաժամանակ նրա վարչապետության օրոք ՀՀ-ի ՀՆԱ կառուցվածքում կատարվեց էական փոփոխություն եւ ՀՀ զարգացման մեջ կարեւոր դեր սկսեց կատարել արտադրությունը, որը մեր պետության տնտեսության զարգացման շարժիչ ուժն է:
Տիգրան Սարգսյանը առաջին վարչապետ էր, ով կարեւորեց արտահանմանն ուղղված եւ գիտելիքահեն տնտեսության ստեղծման առաջնահերթությունը պետության զարգացման հեռանկարի առումով: Նրա վարչապետության շրջանում ՀՀ-ի արտաքին առեւտրաշրջանառության մեջ սկսեց աճել արտահանման ծավալը՝ մոտ 2 անգամ գերազանցելով մինչ այդ եղած արդյունքը:
Նախկին վարչապետի գործունեությունը կարեւոր էր նաեւ որպես պետության ռազմավարական ապագայով մտահոգ մարդու, ով հասկանում էր, որ ՀՀ-ի զարգացման ու հզորացման համար կարեւոր է ոչ միայն այսրոպեական խնդիրների լուծումը, այլեւ հեռանկարային ծրագրերը եւ դրանց հիմնադրումը հենց այսօր, ինչը կամրացնի պետության հիմքերը տեսանելի հեռանկարում:
ՌԱԿ-ը շնորհակալ է նախկին վարչապետին ակտիվ համագործակցության համար եւ բարձր է գնահատում նրա ավանդը ՀՀ պետական համակարգի զարգացման գործում, միաժամանակ հաջողություն մաղթելով ՀՀ ապագա վարչապետին նրա հայրենաշեն եւ ազգաշեն բոլոր գործերում:
ՌԱԿ Հանրապետական վարչություն