Ստեփան Մարգարյան. Մեր օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարց դրված չէ

«Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այժմ օրախնդիր է դարձել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձևաչափը վերափոխելու միջկուսակցական միասնական ճակատի: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ կարծում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումն արդեն իսկ խոսում է միջկուսակցական ֆորմատի համագործակցության մասին:

168.am-ը Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԲՀԿ-ն պատրա՞ստ է միջկուսակցական համագործակցության: Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե իրենք նման ֆորմատով, ըստ էության, աշխատել են, երբ հանդիպումներ են անցկացրել կուսակցությունների ղեկավարների հետ:

«Մենք որևէ խնդիր չենք տեսնում այդտեղ: Առաջիկայում քառյակի նիստ ունենք ու կարծում եմ, որ այդ հարցը կքննարկենք ավելի մանրամասն: Բայց առանձնապես որևէ խնդիր չենք տեսնում, մենք, ըստ էության, գրեթե հենց նման ֆորմատով ենք աշխատել, որովհետև շփումը չի սահմանափակվել միայն պատգամավորներով: Պարոն Ծառուկյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն արդեն վկայում էր միջկուսակցական մակարդակով շփումների մասին, դրանք դուրս էին խմբակցությունից, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավոր չէ, ու նրանց շփումը հենց դա էր ենթադրում»,- նշեց Ս. Մարգարյանը:

Ստեփան Մարգարյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք միջկուսակցական ֆորմատն ավելի կամրապանդի՞ իրենց համագործակցությունը, թե՞ ոչ՝ նշելով, որ այդ ընթացքում չի եղել մի հարց, որը խորհրդարանական քառյակի համար լուծելի չլինի: «Բայց «Ժառանգությունը» մեր գործընկերն է, և պնդում է, որ պետք է միջկուսակցական համագործակցություն ու մենք առաջիկայում քառյակի նիստում կանդրադառնանք այդ հարցին ավելի մանրամասն»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության հայտարարության այն հատվածին, որ համաժողովրդական ընդվզման հերթական շրջափուլի համար առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրկարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության և համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ, Ստեփան Մարգարյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ հարցում իր պատրաստակամության մասին:

«Մենք որևէ խնդիր չունենք, պատրաստ ենք, պարզապես մինչ օրս հանդիպման չկայանալու պատճառը ժամանակի խնդիրն է: Քառյակի մյուս ուժերի համար էլ հարցը պահն է, ժամանակը, օրը, թե չէ այլ խնդիր չկա, միակ խնդիրը՝ երբ անելու խնդիրն է, սկզբունքորեն դեմ որևէ մեկը չի արտահայտվել»,- նշեց նա:

Մեր հարցին, թե արդյոք պլանավորո՞ւմ են մինչև նոր վարչապետի նշանակումը կազմակերպել այդ հանդիպումը, Ս. Մարգարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այդ հարցը պետք է քառյակը որոշի: «Իսկ եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, ես անձամբ կարծում եմ, ենթադրում եմ, որ հանդիպումը մինչև վարչապետի նշանակումը կլինի: Համենայնդեպս, չեմ տեսնում մի բան, որը կխանգարեր այդ հանդիպման կայացմանը»,- նշեց նա:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդները պետք է անհապաղ հանդիպեն՝ քննարկելու հաջորդ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու փուլի մանրամասները:

Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ԲՀԿ-ն և՞ս ղեկավարների հանդիպումը դիտարկում է այս՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու գործընթացը սկսելու տեսանկյունից: «Ցանկացած հանդիպումից առաջ, խորհրդարանական քառյակի հանդիպումից առաջ էլ, մշակվում է օրակարգ, թե ինչի շուրջ է ծավալվելու քննարկումը: Ղեկավարների հանդիպման ժամանակ էլ կմշակվի օրակարգ: Հիմա ես «եթե»-ներով չեմ կարող խոսել»,- պատասխանեց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ իրենց օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարց դրված չէ: «Մենք այսօր մեր օրակարգում նման հարց չունենք»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս