Բաժիններ՝

2019 թվականին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ մեկ տարում կանցկացվի միանգամից երեք ընտրություն

Թուրքական Son Dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երեք ընտրություն կանցկացվի մեկ տարում: 2019 թվականին երկրում միաժամանակ կանցկացվեն խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և նախագահական ընտրություններ:

Ընդգծվում է, որ դրանից հետո` մինչև 2023 թվականը, Թուրքիայում չեն անցկացվի ընտրություններ: 2014 թվականի մարտի 30-ին Թուրքիայում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, որոնք Թուրքիայում անցկացվում են 5 տարին մեկ անգամ: Դա նշանակում է, որ հաջորդ ընտրությունները կայանալու են 2019 թվականին:

2014 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին:

2007 թվականի հոկտեմբերի 21-ին Թուրքիայում սահմանադրական ուղղումների վերաբերյալ անցկացված հանրաքվեի (այո` 68.95 տոկոս, ոչ` 31.05 տոկոս) համաձայն` Թուրքիայի նախագահին այսուհետ ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ` ժողովուրդը:

Եթե մինչ այդ Թուրքիայի նախագահին ընտրում էին 7 տարով` առանց վերընտրման իրավունքի, ապա այսուհետ նա ժողովրդի կողմից ընտրվում է 5 տարով` ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Այսինքն, Թուրքիայում նախագահական հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2019 թվականին:

2015 թվականի հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: 2007 թվականի հոկտեմբերի 21-ի հանրաքվեի համաձայն, պատգամավորների լիազորությունների ժամկետը 5 տարուց կրճատվել է մինչև 4 տարվա: Դա նշանակում է, որ Թուրքիայում խորհրդարանական հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2019 թվականին:

2019 թվականից հետո Թուրքիան 4 տարի (մինչև 2023 թվականը) զերծ կմնա ընտրություններ անցկացնելուց: Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ անհնար է այս ամռանը միաժամանակ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Դա նշանակում է, որ Թուրքիայում չեն անցկացվի վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս