Առաքել Մովսիսյան. «Եթե վախենար՝ հենա շուտ կաներ, էլի. նախագահի որոշումները ժամ ու պատարագ չեն հարցնում…»
«Ճիշտ է հրաժարական է տվել, բայց մնում է մեր գործընկերը, մեր սկզբունքները մնում են նույնը: Դե ոչ մի բան հիմնական չի, հրաժարական է…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառնալով այլևս վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին:
Մեր դիտարկմանը, թե ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները վարչապետի հրաժարականը համարում են իրենց հաղթանակը, ասում են, որ Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը վախեցրեց Տիգրան Սարգսյանին, Առաքել Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Եթե վախենար՝ հենա շուտ կաներ, էլի. նախագահի որոշումները ժամ ու պատարագ չեն հարցնում…»:
Պատգամավորն ասաց, թե ինքն անձամբ գոհ է եղել Տիգրան Սարգսյանի աշխատանքից ու շարունակում է գոհ մնալ: «Ես հիմա էլ եմ գոհ, ինչ ասել եմ՝ արել են իմ տարածքի համար, դիմել եմ իրանց, արել են, ես չեմ կարա սրանից հրաժարվեմ, չեմ կարա վատ բան ասեմ, իսկ օբշի հանրապետության համար դե չեն կարա 100 տոկոսով լավ աշխատեն, էդ ա. 100 տոկոսանոց չի լինում ոչ մի բան»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ապագա վարչապետի թեկնածուին, ապա Առաքել Մովիսյանն ասաց, թե չգիտի՝ ով կլինի հաջորդ վարչապետը: «Որ իմանաք՝ ինձ էլ կասեք, հա՞, խնդրում եմ»,- ասաց նա:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետ նշանակվեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում անունները շրջանառվում են որպես հավանական թեկնածուներ, ապա Ա. Մովսիսյանը կրկնեց. «Դե «հնարավոր»-ով չեմ խոսում, որ իմանաք՝ ինձ էլ կասեք»: