Վարդան Այվազյան. «Անգամ լավագույն սցենարի դեպքում հունվարից շուտ Մաքսային միություն չենք կարող մտնել» (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վ. Այվազյանը խոսելով այն մասին, թե Ղրիմի և Ուկրաինայի դեպքերն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա, ասաց, որ դրանք որևէ դրական բան չեն տալու Հայաստանի Հանրապետությանը.
«Այն մարտահրավերները, որ այսօր առկա են, դրանք լուրջ խնդիրներ են: Տնտեսական սանկցիաներով եթե նայում ենք, ՀՀ-ի ամենամեծ գումարները գալիս են Ռուսաստանից, այսինքն՝ ռուսական տրանսֆերտներն առյուծի բաժին են կազմում մեր տնտեսական ամբողջ շղթայում: Բայց Մաքսային միությանն անդամակցությունը միանշանակ ճիշտ որոշում է: Ինչ վերաբերում է ապրանքացանկին, որոնց մասին խոսում ենք (900 ապրանքացանկերի հետ կապված), հստակեցումներ են գնում, որովհետև շատ լավ կլինի, որ դա ավելի շուտ ներկայացվի, որպեսզի, թե՛ բիզնես սեկտորը, թե՛ քաղաքական սեկտորը կարողանան քննարկել ապրանքացանկերը: Մեզ 900 է տրված, բայց, ընդհանրապես, խոսքը գնում է 11000 ապրանքատեսակների մասին: Ես ասեմ ձեզ, սրանից մեզ դրական ակնկալիքներ կարելի է սպասել: Համենայնդեպս, նույն տնտեսական ֆորմացիայի մեջ մենք երկար աշխատել ենք, և աշխատանքի տեղաբաշխման, ինչպես նաև՝ որոշակի սանկցիաների կիրառման դեպքում, կան նաև տեղեր, որտեղ կարելի է այդ ոլորտներին էապես զարգացում տալ»:
ՀՀԿ պատգամավորն ասաց, որ լավագույն սցենարի դեպքում անգամ Հայաստանը հունվարից շուտ Մաքսային միություն չի կարող մտնել. «Պայմանագիր հասկացողություն, որպես այդպիսին, չկա: Կա քաղաքական պատրաստակամություն, որը ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից, ով հայտարարել է, որ դա քաղաքական պատրաստակամությունն է, և կան բազում և բազմաթիվ փաստաթղթերի վավերացման գործընթացներ, այդ թվում՝ մաքսայինի սակագների, ներքին գործող օրենսդրության, տեխնիկական կանոնակարգերի, մոտավորապես՝ 22 աշխատանքային խմբեր աշխատում են: Փաստաթղթերի ծավալը, որ նայեք, ինձ թվում է` շատ ավելի պատկերավոր կլինի, բայց այստեղ խնդիրն այն է, թե ինչքա՞նը մենք կհասցնենք: Զգայուն ապրանքախմբերն այն ապրանքախմբերն են, որոնք զգայուն են մեր տնտեսության և մեր արտադրության համար»:
Ըստ Վ.Այվազյանի՝ Ռուսաստանը գազը տալիս է մեզ այն գնով, որ գնով վաճառում է ներսում. «Խնդիրը նրան է վերաբերվում, որ ռուսական գազը ՀՀ սահմանում մենք ստանում ենք 189 դոլարով: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Սահմանից մինչև կողքի շենքն անցնում է 393 դոլար: Այսինքն` այստեղ խնդիր կա: Խնդիրը նրան է վերաբերում, թե ինչպե՞ս է պատահում, որ բնակչի համար 189 դոլարանոց գազը դառնում է 393 դոլար: Ես չեմ կարող որևէ մեկին ասել՝ սա ճի՞շտ է, թե՞ սխալ, մինչև ես հստակ փաստ չեմ ունենում՝ ես չեմ խոսում: Նույն այդ հարցադրումները մենք նրանց ենք տալիս՝ թե՛ հանձնաժողովին, թե՛ նախարարին, թե՛ համապատասխան կազմակերպության ղեկավարին»:



