ԱՄՆ-ում մեղադրանք են ներկայացրել ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշի նկատմամբ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշին մեղադրել են հնդիկ պաշտոնատար անձանց կաշառք տալու մեջ՝ Հնդկաստանում տիտանի հանքավայրի մշակման համար թույլտվություն ստանալու համար: Այս մասին նշված է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ, միջազգային կոռուպցիոն սխեմայի հետաքննման գործով անցնում է 6 մարդ՝ ներառյալ Ֆիրտաշը: Մյուս մասնակիցներն են հունգար ձեռնարկատեր Անդրաշ Կնոպը, Ուկրաինայի քաղաքացի Սուրեն Գևորգյանը, հնդիկ քաղաքական գործիչ Ռամաչանդր Ռաոն և Հնդկաստանից ու Շրի Լանկայից երկու գործարար:
Հետաքննությունը պարզել է, որ 2006 թվականից հնդիկ պաշտոնատար անձանց տրվել է մոտ 18.5 միլիոն դոլարի կաշառք, ինչի դիմաց պետք է թույլատրվեր Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում տիտանի հանքավայրի մշակման համար: Նախագծից տարեկան շահույթը կարող էր կազմել 500 միլիոն դոլար: Նախատեսվում էր արդյունահանված տիտանի մի մասը վաճառել Չիկագոյում բազավորված Company A ընկերությանը:
Հետաքննության տվյալներով՝ Դմիտրի Ֆիրտաշը բանակցել է հնդիկ պաշտոնատար անձանց հետ և կարգադրել է նրանց հատկացնել դրամական միջոցներ՝ ցանկալի (թույլատրման) փաստաթղթերը ստանալու համար: Մարտի 21-ին Վիեննայի դատարանը 125 միլիոն եվրո գրավի դիմաց բանտից ազատ էր արձակել Ֆիրտաշին: Նա ավստրիական բանտում էր հայտնվել ԱՄՆ-ի իրավապահ մարմինների համապատասխան դիմումից հետո: