«ՀՀԿ-ն ընդդիմությունից չի վախենում, օձից է վախենում». Գ. Սահակյան

ԱԺ Հանրապետական մեծամասնությունը ոչ իշխանական ուժերի՝ «բարիկադներ» ստեղծելու սպառնալիքներից չի վախենում, շուրջօրյա հանրահավաքների անցկացմամբ չի անհանգստանում: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Փոխարենը, նրա խոսքով, միակ բանը, ինչից ՀՀԿ-ն վախենում է՝ օձն է:

Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՀԿ-ն չի՞ վախենում, որ ԲՀԿ նախազգուշացնումները «բարիկադների» և «ցնցումների» մասին կարող են իրականություն դառնալ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ չեն վախենում: Մասնավորապես, այդ հարցը ինձ պետք է չտաք, որովհետև մեր վախն անկախության ճանապարհին արդեն վաղուց վերցված է, այնպես որ քաղաքական ու քաղաքակիրթ բան չի վախը: Պիտի դժգոհություններ լինեն, դրանք պետք է վերլուծվեն, պետք է կարողանանք այնպիսի դաշտ ստեղծել, որ ժողովրդի պահանջները խնդիրները լուծելի դարձնենք, դա մեր գործն է: Այնպես որ վախի զգացում… Դա գավառական մտածողության ձև է, որին չի ապավինում ՀՀԿ-ն»:

Մեր հարցին, թե անգամ շուրջօրյա հանրահավաքները չե՞ն կարող ՀՀԿ-ին մտափոխել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Միակ հույսը նա է, որ քառյակը խելամիտ լինի, իր ծրագրերը, իր ներշնչանքները ուղղորդի ժողովրդին, քայլի ամբողջ Հայաստանի տարածքով, կարողանա կազմակերպել, բայց այն դեպքում, երբ ծրագիր ունի, երբ այն հավանության կարժանանա: Բարեկիրթ ձևը նա է, որ ընտրություններին գան՝ մեծ ձայներ ստանան ժողովրդի կողմից, գան իշխանության, այլ ճանապարհներ չեն կարող լինել»:

Մեր դիտարկմանը, թե ոչ իշխանական ուժերի ներկայացուցիրչները վստահ են, որ իշխանության հանգստությունը միայն արտաքին շղարշ է, որ իրականում վախ կա  քառյակի գործողություններից, Սահակյանն այսպես արձագանքեց. «Այսինքն իրենք անում են, որ պատգամավոր Գալուստ Սահակյանը վախենա՞… Գալուստ Սահակյանի վախը վաղուց բռնել են: Մենք պայքարի այնպիսի ձևերի մեջ ենք եղել, այնպիսի ժամանակաշրջան ենք անցել, որ մեզ չեն կարող… Քաղաքական նորելուկների հետ կարող էին այդ հարցը քննարկել, բայց Հանրապետական կուսակցությանը կամ ինձ, նման հարցերի քննարկումների դաշտ չկա»:

Հարցին, թե ինչի՞ց է վախենում ՀՀԿ-ն, նա պատասխանեց. «Օձից»:

Տեսանյութեր

Լրահոս