Կիևում ցուցարարների դեմ զենք կիրառելու մասին հրամանն արձակել է Վիկտոր Յանուկովիչը. Գլխավոր դատախազություն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևում ցուցարարների դեմ զենք կիրառելու մասին հրամանը փետրվարի 20-ին արձակել է Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկայումս պարզվել է, որ ցուցարարների հետ «աշխատել» են «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցները, որոնք «Բերկուտի» ստեղծման օրվանից (1992 թվական) ունեցել են հրաձգային զենք, այդ թվում նաև ավտոմատ և դիպուկահար հրացաններ կիրառելու լիազորություններ ու հնարավորություններ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ հայտարարել է, որ ինքը երբևէ հրաման չի արձակել ցուցարարների դեմ զենք կիրառելու մասին: