Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ դատարան բերելուց առաջ իրեն երեք ժամ պահել են «զրոյական աստիճանի» պայմաններում
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր դատարանում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով դատախազին: Նա նշեց, որ քրեական գործով թույլ են տրվել Քրեադատավարական օրենքի էական և կոպիտ խախտումներ, կամայականորեն խախտվել են պաշտպանական կողմի իրավունքները «մեղադրողի գիտությամբ և համաձայնությամբ»:
Նման հանգամանքներն, ըստ պաշտպանի, օբյեկտիվորեն կասկածի տակ են դնում դատախազի անաչառությունը: Արա Զաքարյանը նշեց, որ քրեական գործով անցնող անձանց և Վոլոդյա Ավետիսյանի ցուցմունքների միջև առկա են եղել էական հակասություններ, ինչի պայմաններում քննիչը պետք է առերեսումներ աներ, սակայն դա տեղի չի ունեցել:
Ա. Զաքարյանի խոսքով՝ նախաքննական մարմինը նշել է, որ վկաներին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան դատարանում, սակայն այժմ հայտնի է դարձել, որ վկաների մի մասը Հայաստանում չեն և իրենք տեսականորեն հնարավորություն չեն ունենալու նրանց հարցաքննելու:
Արա Զաքարյանն ասաց, որ քրեական գործի քննության ընթացքում քրեական հետապնդման մարմինը բացառել է զինծառայողների կողմից հանցանք կատարելու հանգամանքը, ինչի պայմաններում ՊՆ քննչական ծառայությունը այն այլևս չպետք է շարունակեր քննել գործը:
«Պաշտպանական կողմի պահանջներն այն մասին, որ գործը պետք է ուղարկվի այլ մարմին, մերժվեցին մեղադրողի կողմից այն հիմնավորմամբ, որ գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելն անիմաստ է համարում, քանի որ դա կբերի գործի քննության անհարկի ձգձգման: Մեղադրողի նման դիրքորոշումը տեղիք է տալիս ողջամտորեն պնդելու, որ իրականում նա շահագրգռված է եղել սույն քրեական գործը պահել իր հսկողության տակ»,- ասաց պաշտպանը:
«Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստին միջնորդություն հարուցեց Վոլոդյա Ավետիսյանին կալանքից ազատելու վերաբերյալ: Միջնորդության դեմ առարկելով՝ մեղադրողը նշեց, որ գործով ձեռք բերված ապացույցներից երևում է, որ Վոլոդյա Ավետիսյանն ազատության մեջ գտնվելու դեպքում կխոչընդոտի քննությանը՝ քրեական դատվարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու և այլ ճանապարհով՝ նշելով, որ նախաքննության ընթացքում նման դեպքեր են տեղի ունեցել: Պաշտպանական կողմ հայտարարում է, որ մեղադրողի հայտնած տեղեկություններ հիմնազուրկ են և չեն բխում քրեական գործի նյութերից»,- դատարանում ասաց Արա Զաքարյանը:
Մեղադրող դատախազ Հենրիկ Բաբիկյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման: Նա ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանը նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալ, հետևաբար նրա ու գործով անցնող անձանց ցուցմունքների միջև հակասության մասին խոսք լինել չի կարող:
Դատախազն ասաց, որ Վ. Ավետիյանին առերսման են ներկայացրել անձանց, սակայն նա հրաժարվել է դրանց մասնակցել, իր ձեռքով գրել է, որ հրաժավում է մասնակցել առերեսումների ու քննչական գործողությունների:
Մեղադրողն ասաց, որ Վ. Ավետիսյանը միայն քրեական գործի նախաքննության ավարտից և գործի նյութերին ծանոթանալուց հետո է վկաների հետ առերեսվելու ցանկություն հայտնել: Մեղադրողը դատարանում հայտարարեց, որ քրեական գործով որոշ վկաներ ցուցմունք են տվել, որ «մարդիկ հանդիպել են նրանց, եկել են իրենց տուն, ասել են, որ եկել են Վոլոդյա Ավետիսյանի անունից»: Դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:
Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ քրեական գործի համար հիմք են հանդիսացել ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Վ. Ավետիսյանի նկատմամբ իրականացված օպերտիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերը, սակայն քրեական գործում չկան հիմքեր՝ ինչի հիման վրա է ԱԱԾ-ն սկսել նման օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել: Նկատի ունենալով, որ դրանից է կախված գործը հարուցելու օրինականության հարցը, Արա Զաքարյանը դատարանին միջնորդեց ԱԱԾ-ից պահանջել բոլոր նյութերն ու հիմքերը, որոնց հիման վրա իրականացվել են այդ միջոցառումերը:
Դատավոր Լևոն Ավետիսյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչև որոշակի հանգամանքների բացահայտումը:
Դատարանում մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ. հուլիսի 29-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար,սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա «խարդախությամբ հաշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Շիրակի մարզի բնակիչ Հենրիկ Սարդարյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե որոշ պաշտոնատար անձանց միջոցով կարող է 5 հազար դոլարի դիմաց նրա թոռանը ազատել պարտադիր զինվորական ժամկետային ծառայութունից, սակայն չունենալով նման պայամանավորվածությունը՝ 2013թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղու վրա Հենրիկ Զաքարյանից վերցրել է խոշոր չափերի 814 հազար 260 դրամին համարժեք 2100 դոլար գումար և հափշտակել այն՝ գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար»:
Դատարանում Վոլոդյա Ավետիսյանն իրեն մեղավոր չճանաչեց:
Նա այսօր դատարանում նաև հայտարարեց, որ իրեն դատարան տեղափոխելու համար հիմնական խցից սպասողական խուց են իջեցրել և երեք ժամ իրեն պահել այնտեղ «զրոյական աստիճանի տակ»: Վ. Ավետիսյանն ասաց, որ իրեն վատ է զգում և խնդրեց հետաձգել նիստը: Ազատամարտիկը հայտարարեց, որ հիմա բժշկի կարիք չունի, բայց ասաց, որ կալանավայրում բժշկի դիմել է և դիմած օրվանից 15 օր հետո են ներկայացել:
Հավելենք, որ Վոլոդյա Ավետիսյանը այսօր դատական նիստի ընդմիջման ժամանակ ներկաներին կոչ արեց «դուխով» լինել՝ նշելով, որ չի կարելի վախեցած ապրել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին: