Շավարշ Քոչարյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության մասին. Մեկնաբանելը ո՞րն ա

Այսօր «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով Հայաստանի Հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ փորձեցինք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մարտի 27-ի նիստում Ղրիմի հարցով ընդունված «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի Հայաստանի «դեմ» քվեարկելու կապակցությամբ պարզաբանում ստանալ ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից` նշելով, որ այն բավական լուրջ քննադատության է արժանացել մի շարք քաղաքական գործիչների կողմից:

Նշենք, որ նման տեսակետներ են արտահայտել, մասնավորապես, նախկին արտգործնախարարներ Ալեքսանդր Արզումանյանը և Վարդան Օսկանյանը՝ հայտարարելով, որ ճիշտ կլիներ չեզոք դիրք գրավել և ձեռնպահ քվեարկել բանաձևին: Սակայն մեր հարցադրումն ի սկզբանե վրդովեցրեց Շավարշ Քոչարյանին, ով փորձեց խոսակցությունը տանել այլ ուղղությամբ: Ստորև ներկայացնում ենք 168.am-ի զրույցը Շավարշ Քոչարյանի հետ:

Շավարշ Քոչարյան. Մեկնաբանելը ո՞րն ա: Կոնկրետ հարցը տվեք:

168.am– Ճի՞շտ համարում եք, թե՞ ոչ:

Շավարշ Քոչարյան- Այ քեզ բան:

168.am– Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Շավարշ Քոչարյան- Այ քեզ բան, ներողություն հարց տվեք: Ո՞նց կարող ա ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանի քվեարկությունը ԱԳՆ ներկայացուցչի:

168.am- Հարցն այսպիսին է. շատերը, նաև քաղաքական գործիչներ, գտնում են, որ ավելի ճիշտ կլիներ ձեռնպահ…

Շավարշ Քոչարյան- Գնահատական մեք տա, հարց տվեք:

168.am- Գնահատական չկա, ավելի ճիշտ չէ՞ր լինի ձեռնպահ քվեարկել:

Շավարշ Քոչարյան-  Գնահատական եք տալիս:

168.am- Ավելի ճիշտ չէ՞ր լինի ձեռնպահ քվեարկել:

Շավարշ Քոչարյան- Դա արդեն գնահատական է:

168.am- Չէ, գնահատական չէ:

Շավարշ Քոչարյան- Ներողություն, ես հարցը գնահատականից տարբերում եմ: Հարց ունեք` տվեք:

168.am– Համաձա՞յն եք «դեմ» քվեարկության հետ:

Շավարշ Քոչարյան- Ո՞նց կարող ա ԱԳՆ-ն իր քվեարկության հետ համաձայն չլինի: Դուք հարց տալի՞ս եք…

168.am– Ճիշտ համարո՞ւմ եք այդ քվեարկությունը:

Հարցն անպատասխան մնաց…

Չտիրապետելով դիվանագիտության արվեստին և չցանկանալով գնահատականներ տալ Շավարշ Քոչարյանի դիվանագիտական գործունեությանը` ցանկանում ենք նույն խորհուրդը տալ պարոն Քոչարյանին և լրատվական ժուռնալիզմի տեսանկյունից համառոտ ներկայացնել, թե ո՞րն է լրագրության մեջ համարվում գնահատական, այսինքն` լրագրողի կողմից կանխակալ դիրքորոշման և սուբյեկտիվության դրսևորում, ինչը վարքականոնի խախտում է համարվում:

Օրինակ, եթե մեր հարցադրման մեջ նշեինք` «ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի արդյունքում Զիմբաբվեի կամ Հյուսիսային Կորեայի շարքին դասվելը խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար, համաձայն չե՞ք», կամ` «արդյո՞ք Հայաստանը կամ նրա իշխանությունները վերջնականապես ապացուցեցին, որ Ռուսաստանի վասալն է կամ արբանյակը», կամ «Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն որոշումները կայացվում են Մոսկվայից եկած հրահանգների՞ հիման վրա», կամ` «համաձայն չե՞ք, որ Հայաստանը չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն», ապա սա, իհարկե, կլիներ գնահատական և լրագրողական վարքականոնի կոպտագույն խախտում, ինչը, ինչպես տեսաք, մեզ թույլ չենք տվել պարոն Քոչարյանի հետ խիստ բովանդակալից զրույցի ընթացքում:

ԱԳ փոխնախարարին նաև տեղեկացնենք, որ հարցազրույցի ձևաչափը թույլ է տալիս զրույցի ընթացքում մեջբերել այս կամ այն գործչի տեսակետ, և պատասխանողը կարող է ընդամենը համաձայնել կամ չհամաձայնել:

Ի դեպ, եթե Շավարշ Քոչարյանը չնկատեց, վերևում ներկայացված զրույցում մեր խոսքի մեծ մասը հարցեր էին:  Հետևաբար` կարող ենք ընդամենը արձանագրել, որ Շավարշ Քոչարյանը պարզապես խուսափեց մեկնաբանությունից և մեր հարցերին պատասխանելուց: Թերևս սա ամենաանաչառ գնահատականն է:

Իմիջիայլոց, «մեկնաբանելը», որն այդքան զարմացրեց Շավարշ Քոչարյանին, բավական տարածված երևույթ է քաղաքական դաշտում` ոչ միայն Հայաստանում, այլևս ողջ աշխարհում, և, ընդհանրապես, համարվում է քաղաքական գործչի ամենահեշտ զբաղմունքներից մեկը: ԱԺ նախկին պատգամավոր և փորձառու քաղաքական գործիչ Շավարշ Քոչարյանը պետք է որ լավ իմանար այս մասին:

Տեսանյութեր

Լրահոս