Նաիրա Զոհրաբյան. «Պատկերացնում եմ՝ ինչ կլինի, եթե անգամ աննշան տոկոսով գազի գինը բարձրանա…»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, խոսել գազի սակագնի մասին: Նա ասել էր. «Այսօր արդեն, փառք Աստծո, գոնե որևէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որ ամրագրված է «Գազպրոմի» հետ պայմանագրում: Ինչո՞ւ չեն խոսում, որովհետև ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի, և երկրորդ՝ մի քանի անգամ մենք սրա մասին խոսեցինք, ասացինք, մարդիկ հասկացան, հասկացան նաև, որ այդ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս»:

168.am-ն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է Ս. Սարգսյանի վերոնշյալ հայտարարության հետ: Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ինքը համաձայն է նախագահի հետ այն հարցում, որ Ռուսաստանը Հայաստանին գազի գին է տալիս՝ այլ պետությունների հետ համեմատած ավելի էժան գնով, բայց խոսքն, ըստ Ն. Զոհրաբյանի՝ դրա մասին չէ:

«Մենք խոսում ենք հսկայական մարժայի մասին, երբ հայ աբոնենտին գազը հասնում է շատ թանկ, չարդարացված թանկ գնով: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սահմանին ստանալով համեմատաբար էժան գնով գազ, այն տրանսֆորմացվում է խայտառակ թանկ գնի, որի համար վճարում է ՀՀ բաժանորդը: Ո՞ւմ գրպանն է մտնում այդ գերշահույթը: Այո, ՌԴ-ն մեզ տալիս է համեմատաբար էժան գազ, բայց այդ ի՞նչ անտրամաբանական ծախսեր են առաջանում, որ էժան գազը թանկ գնով են վաճառում: Այստեղ խնդիրը ՌԴ-ն չէ, և պետք չէ անընդհատ տրանսֆորմացնել, որ մենք մուննաթ ենք գալիս ռուսների վրա: Ոչ, նրանք այս դեպքում կապ չունեն: Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարությանը՝ ի՞նչ է կատարվում, որ սպառողին նման գնով են գազ վաճառում»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Ս. Սարգսյանը ասել է, որ մարժայի հարցով պետք է բացատրություններ տրվեն՝ նշելով. «Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում: Այդ ի՞նչ ավելացումներ են այդ էժան գազի վրա, որ բերում-հասցնում են դրան: Մարդկանց պետք է բացատրել, որ մենք եթե այդ միջոցառումները չանցկացնենք, եթե խողովակ չփոխենք, եթե ժամանակակից սարքավորումներ չդնենք, և այլն, վաղը-մյուս օրը մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել: Մեզնից յուրաքանչյուրն է պարտավոր դա անել… Որպեսզի կարողանանք դա անխափան օգտագործել, մենք պետք է ներդրումներ անենք: 30 տարվա խողովակով, 40 տարվա խողովակով չես կարող այդ ճնշումները բաց թողնել, չես կարող այդ մատակարարումներն անել»:

Կարդացեք նաև

Նաիրա Զոհրաբյանը Ս. Սարգսյանի հետ այս հարցում դարձյալ համաձայն է. մարդկանց պետք է պատասխան տրվի, թե ինչո՞ւ է գազը սահմանին՝ էժան, իրենց տանը՝ ոչ: Միաժամանակ նա նշեց, որ գնի հսկայական տարբերությունը բացատրել խողովակով՝ ոչ հիմնավոր:

«Դա նույնքան հիմնավոր է, որքան այն, որ «Փարքինգ սիթին» 5 մլն դոլարի կարմիր ներկ է գնել, պաստառ է տեղադրել: Սա աբսուրդ է… 5 մլն-ը նույնքան արժանահավատ չի կարող ինձ համար լինել, որքան այն, որ մարժայի տարբերությունը գնում է խողովակի վրա»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի այն համոզմանը, որ գազի գինը Հայաստանում «առանձնապես չի աճելու կամ աճելու է առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս», ապա Ն. Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունները հանրությանը պատրաստում են գազի սակագնի թանկացման նոր ալիքին:

Ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց. «Այո, իհարկե, գուցե դա ուղղակիորեն նշանակում է, որ գազի գնի թանկացումը չի բացառվում: Ես կդժվարանամ հիմա վերլուծել նախագահի խոսքերի ենթատեքստը, բայց կարելի է հասկանալ, որ նա ասում է, որ չի բացառվում, որ եթե անգամ թանկանա՝ դա կլինի հինգ տոկոս: Բայց եթե նրանք համարում են, որ հինգ տոկոսը չնչին գումար է, ապա քաղաքացիների համար դա այդպես չէ: Այն քաղաքացու համար, որը հացի փող չունի, իսկ միլիոնից ավելի քաղաքացիներ այսօր գտնվում են աղքատության շեմին, նրանց համար հինգ տոկոսը չի կարող համարվել չնչին»:

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց մի պահ պատկերացնել, թե ի՞նչ վիճակում կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիները: Ըստ նրա՝ հերթական թանկացումը կհանգեցնի աղետալի հետևանքների, երբ, նրա խոսքով, «առանց այն էլ հարյուրավոր, հազարավոր ընտանիքներ, իսկ մարզերում, հեռավոր գյուղերում դա համատարած երևույթ է այլևս, հրաժարվել են «Գազպրոմ-Արմենիայի» սպառողը լինելուց՝ գազ սպառելուց, անջատել են այդ ծառայությունը, որովհետև ի վիճակի չեն վճարելու»:

«Պատկերացնում եմ՝ ինչ կլինի, եթե անգամ աննշան տոկոսով գազի գինը բարձրանա…»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս