
Դավիթ Սարգսյան. Որևէ օրենք հակասահմանադրական ճանաչվելու դեպքում անգամ Կառավարության հրաժարական տալու համար պայման չի ստեղծվի

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը վստահ է՝ որևէ օրենք հակասահմանադրական ճանաչելու դեպքում անգամ Կառավարության հրաժարական տալու համար պայման չի ստեղծվի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սարգսյանը՝ ի պատասխան այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու դեպքում Կառավարությունը հրաժարական ներկայացնի:
Հարցին՝ տեղյա՞կ եք, որ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բազմամամրդ հանրահավաք է անցկացրել, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ չի տեսել հանրահավաքը, քանի որ երկրում չի եղել՝ այդ պահին ինքնաթիռում էր:
Նա հիշեցրեց, որ օրենքն ընդունվել է դեռևս 2010 թվականին, ապա նշեց, թե Կառավարությունը բավական շատ իրազեկել է հնարությանը օրենքի մասին:
Ըստ նրա՝ այն, ինչ եղել է այս տարիների ընթացքում`սեմինարներ, քննարկումներ, մի քանի տասնակ հազար բուկլետ, զանգեր, քննարկումներ աշխատավորական կոլեկտիվներով, որևէ այլ օրենքի հետ կապված չի արվել: Ուստի, նախարարի գնահատմամբ՝ սա «բացառիկ օրենք է»:
«Թե ինչու ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ, այդ հարցի պատասխանը նույնպես պարզ է, որովհետև հարցն այլևս չի գտնվում մասնագիտական քննարկումների դաշտում, այլևս քաղաքական քննարկումների դաշտում է»,- վստահեցրեց Ֆինանսների նախարարը:
Ինչ վերաբերում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պնդմանը, որ 45 տարով պարտք տալու պարկտիկա աշխարհում գոյություն չունի, նախարարը հիշեցրեց, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը շատ կոռեկտ օրինակները բերել էր:
Լրագրողների դիտարկմանը, թե այդ պարտատոմսերը հնարավոր չէ գնել, Դ.Սարգսյանը այսպես արձագանքեց. «Ամեն ինչ հնարավոր է` ուղիղ երեք շաբաթ առաջ Մեքսիկան նման պարտատոմս է թողարել, և դա հնարավոր է: Գումարները ներդրվում են ոչ միայն պարտատոմսերում, այլ բաժնետոմսերում, իսկ բաժնետոսմերը ժամկետ չունեն»: