Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական ուժերին. Անչափներն ուզում են չափավորներին հավասարվել… Հլա քեզ նայի, քո տրամաբանությանը նայի… (տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ՀՀԿ խմբակցության Գալուստ Սահակյանի ելույթը: ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ԱԺ ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի քննարկման ժամանակ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե քառյակը նման առաջարկով է հանդես գալիս որպեսզի «մի յոթ-ութ հոգի էս ամբիոնից խոսեն»:
«Խոսում-հեռանում էին, խոսում-հեռանում, ինչ լավ է, որ իմ ելույթը հիմա համընկավ: Ես չգիտեմ կամ սա զավեշտ է, կամ հումոր, էսօր առավոտյան էլ լսում եմ, որ ռադիոյով ասում են՝ եթե Կառավարությունը մինչև ապրիլի 28-ը հրաժարական տա, իրենք էլ հրաժարականի պահանջ չեն ներկայացնի: Սա հավի ու կորեկի պատմությունն է դառնում, ամոթ է, ծիծաղելի է, սա շահարկում չի, սա ծես է, որ հայկական էլ չի, անբնական է: Այսինքն՝ ամեն երկուշաբթի պիտի մի շահարկված անմտություն բերեն էստեղ ներկայացնեն, դա քննարկենք, հետո երեք շաբաթ հետո նույն ծեսին պիտի մասնակցե՞նք…»,- նշեց Գ. Սահակյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն կարող է բոլոր հարցադրումներին պատասխանել, բայց չի անում, որովհետև համարում է, որ մարդու «ուղեղը լվացքի մեքենա չէ»:
«Մարդու ուղեղը լվացքի մեքենա չի՝ երբ ուզենա, լվա, երբ ուզենա՝ մզի… մեկ էլ տեսնում ես, անընդհատ խոսում են, ինչ կա՞պ ունեն Ալեքսանդր Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը էս հարցադրման հետ: Եթե մենք ասում ենք՝ ժողովրդի մեջ խնդիր կա, դուք դատավճիռն էլ հետն եք բերում իբրև թե խառնում եք ամեն ինչը. անչափներն ուզում են չափավորներին հավասարվել… Հլա քեզ նայի, քո տրամաբանությանը նայի, որտեղի՞ց ես եկել, ո՞ր օջախից, ո՞վ ա քեզ թույլ տվել, սա ի՞նչ հարցադրում է, սա ի՞նչ ոճ է: Այսինքն՝ ի՞նչ անենք մենք, ստիպված ենք լինում՝ հարցը առաջադրում են, բերում ենք, ամբողջ հանրապետականին նստեցնում եմ, ասում եմ՝ չգնաք, թող պատշաճ լինի»,- հավելեց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ընդդիմությունը հարց է բարձրացրել ընդամենը ամբոխ հավաքելու համար: Նա նշեց, թե ամբոխը դրական գործիք չէ, ժողովուրդն է դրական, ապա նկատեց, թե հենց ամբոխը վերացրեց Ուկրաինա պետությունը.
«Պատահական չէ, որ սկզբից Մայդան, Մայդան էին ասում՝ չմտածելով, թե ինչի հետ գործ ունեն: Իհարկե, պրոբլեմները կան, առաջին արձագանքողները մենք ենք, դուք կրկնում եք մեզ, բայց շատ կոշտուկոպիտ՝ մտածելով հանդերձ, որ արդյունքներ չեն լինելու, ու կանգնել էստեղ խոսել՝ էս նախարարը էս ասեց, տղեք, բա մենք պատգամավորներ ենք… Քննարկումը վեճ է, մեկին դուր կգա, մյուսին դուր չի գա, սա ճանապարհ է, որ բոլորս ենք անցնում և մի մտածեք, որ կարողանում եք ինչ-որ ամբիոններից խոսք ասել, դա փառահեղ ինչ-որ մոտեցում է, դուք ընդամենը կուսակցական նեղ ոգեշնչումով եք առաջ գնում, իբրև թե համախմբենք ամբոխին, սրբացնենք, ոգևորենք, փորձենք որոշակիորեն այդ իմաստով անկանխատեսելի դարձնել և ժողովրդի գլխին չարիք բերել, որովհետև արդեն հրապարակել եմ, մի անգամ էլ հրապարակեմ՝ դուք ովքե՞ր եք, ի՞նչ եք ուզում ասել…»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Այս խոսքերի ժամանակ ԲՀԿ խմբակցությունը դուրս եկավ դահլիճից, իսկ Գ. Սահակյանը շարունակեց իր խոսքը՝ ասելով. «Շատերը, այսինքն՝ դուք, ժողովուրդն ու ամբոխը խառնում են իրար, սրանք տարբեր բաներ են, ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար, ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև, ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան, ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար, ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որը մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազում: Դուք ընդամենը սա եք, բայց ես չեմ դա ասում, Հովհաննես Թումանյանն է ասել 1920 թվականին»:
Աժ նախագահ Հովիկ Արրահամյանն էլ տեղից արձագանքեց՝ նշելով. «Բա էս մարդիկ մտածեցին՝ դու ես ասում: Սկզբից պիտի ասեիր, որ Թումանյանն է ասում, որ չգնային, Գալուստ, վերջում ես ասում»: