Ածանցվող Հայաստան

Մենք սիրում ենք աշխարհին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Ավելի շատ իշխանությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև ընդդիմությունը, որևէ հարցում ոչ հայանպաստ դիրքորոշման արտահայտման կամ քայլի դեպքում՝ շտապում են մեղադրել աշխարհին՝ երկակի չափանիշներով առաջնորդվելու համար: Աշխարհ ասվածն, այս դեպքում, իհարկե, չափազանցություն է: Հայերը՝ ինչպես իշխանությունը, այնպես էլ՝ ընդդիմությունը երկակի ստանդարտների մեջ մեղադրելու հարցում իրար հերթ չեն տալիս, երբ խոսքը վերաբերում է Արևմուտքին՝ ԱՄՆ-ին, Եվրոպային, ԵՄ-ին, և այլն: Սակայն նրանք նույնքան ըմբռնումով են մոտենում երկակի ստանդարտների կիրառմանը, երբ կիրառողը Ռուսաստանն է:

Օրինակները կարելի է հաշվել տասնյակներով: Եվրամիությունը որևէ ոչ հայանպաստ բանաձև է ընդունում, Հայաստանում բոլորը հայտարարում են՝ ադրբեջանական նավթադոլարներին ծախված եվրոպացիները հերթական անգամ երկակի ստանդարտներ կիրառեցին, բայց երբ նույն Ադրբեջանին Ռուսաստանը 4 միլիարդ դոլարի զենք է վաճառում, Հայաստանում բոլորը սկսում են բացատրել, որ զենքի վաճառքը բիզնես է, որ դրա մեջ որևէ վատ բան չկա, և այլն, և այլն: Հայաստանն ըմբռնումով է մոտենում ամենայն ռուսականին, հետևում է Ռուսաստանի քաղաքականությանը և հարկ եղած դեպքում՝ իր վարքագծով աջակցում է դրան:

Երկակի ստանդարտները Ռուսաստանի քաղաքականության զինանոցի ամենակիրառվող գործիքներից է, որը շատ հաճախ գործադրվում է նաև Հայաստանի դեմ: Սակայն Հայաստանը դրանից ոչ թե հետևություններ է անում, ոչ թե փորձում է դրան դիմակայելու քայլեր ձեռնարկել, այլ ընդօրինակում է երկակի ստանդարտների ռուսական գործելաոճը և սովորաբար հայտնվում ծիծաղելի և քաղաքականապես վտանգավոր վիճակում:

Ասվածի վկայություններից մեկն այսօր Ազգային ժողովում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների հարցի բարձրացումն է և ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից դրա վերաբերյալ համապատասխան հայտարարության ընդունումը: Այն, որ Սիրիայի հայաբնակ քաղաքում տեղի ունեցածը վտանգավոր է մեր հայրենակիցների համար, այն, որ Հայաստանը՝ որպես պետություն, պետք է ոչ միայն համապատասխան դիրքորոշում արտահայտի, այլև իր հայրենակիցներին սպառնացող վտանգը չեզոքացնելու կոնկրետ գործողություններ ձեռնարկի, քննարկման առարկա չէ:

Այդ առումով միանգամայն նորմալ է նաև ԱԺ պատգամավորների հայտարարությունը, որը, սակայն, ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտների ցայտուն դրսևորում: Ընդամենը շաբաթներ առաջ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմ, որտեղ, ի դեպ, նույնպես մեծ թվով հայեր են ապրում: Ղրիմում ռուսական զորքերի գործողությունները նույնպես վտանգ էին ու են սպառնում՝ տեղի, այդ թվում՝ հայազգի բնակիչներին: Սակայն Հայաստանի իշխանությունից որևէ ծպտուն դուրս չեկավ այնտեղ կատարվող իրադարձությունների վերաբերյալ, որևէ մտահոգություն չհնչեցվեց:

Ավելին, այսօր պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե՝ «որպես պետություն՝ չեն կարող միջամտել այլ սուվերեն պետության ներքին խնդիրներին»:

Ուշադրություն դարձրեք՝ այն, ինչ տեղի ունեցավ և շարունակում է կատարվել Ղրիմում, ուղղակիորեն միջամտություն էր «այլ սուվերեն պետության ներքին խնդիրներին»: Սակայն Հայաստանը ոչ միայն որևէ դիրքորոշում չարտահայտեց այդ առնչությամբ, այլև անուղղակիորեն պաշտպանեց միջամտող երկրի՝ Ռուսաստանի միջամտությունը:

Այսքանից հետո ավելորդ է նշել, որ Հայաստանի՝ հիմնականում իշխանական պատգամավորների ստորագրությամբ տարածված հայտարարությունն ընդամենը ընդհանուր մտահոգություն է արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ՝ կատարվածը որակելով՝ որպես մարդու իրավունքների խախտման նողկալի դրսևորում, և որևէ խոսք չի պարունակում այն մասին, որ Քեսաբը նման իրադարձությունների կիզակետում է հայտնվել նաև ու առաջին հերթին՝ այն պատճառով, որ երկու տարի առաջ հայաբնակ այդ քաղաքի մոտակայքում Ռուսաստանը ռադիոտեղորոշիչ կայան էր տեղադրել, որը հնարավորություն էր տալիս Սիրիայի գործող իշխանությանը՝ այդ հատվածում հետևել ոչ միայն ապստամբների գործողություններին:

Բացի այդ, այդ կայանը հնարավորություն էր տալիս արդեն Ռուսաստանին հետևել Թուրքիայի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին: Սրանք, իհարկե, աշխարհաքաղաքական խնդիրներ են, որոնք, սակայն, մեր հայրենակիցների տեղահանության, նրանց կյանքին սպառնացող վտանգի առաջացման պատճառ են դարձել:

Երկակի ստանդարտները վատ «հատկություն» ունեն: Դրանք հաճախ բումերանգի էֆեկտով հետ են վերադառնում: Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը երկակի ստանդարտների հետադարձ հարվածը ստանալու բազմաթիվ առիթներ ունեցել են: Հայաստանը չափազանց փոքր է նման հարվածների դիմակայելու համար: Երկակի ստանդարտների զոհ չդառնալու համար Հայաստանն ինքը պետք է չկիրառի երկակի ստանդարտներ: Եթե անգամ դա պետք է Ռուսաստանին:

Դա ոչ թե պատգամավորական հայտարարությունների, ԱԺ ղեկավարության կամ դիվանագիտական կորպուսի լավ կամ վատ աշխատանքի, այլ առաջին հերթին՝ մտածողության, սկզբունքի մասին է, որը պետք է դրվի արտաքին քաղաքականության հիմքում: Սակայն այն, ինչ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվում է՝ որպես արտաքին քաղաքականություն, ոչ թե համակարգի աշխատանքի, հայեցակարգային դրույթների արտահայտություն է, այլ իրավիճակային քայլերի ամբողջություն:

Հետևաբար՝ այն, ինչ երկուշաբթի օրը բխում է Հայաստանի շահերից, չորեքշաբթի օրը կարող է հակասել Հայաստանի շահերին, հանգստյան օրերին կարող է մասնակիորեն կրկին տեղավորվել Հայաստանի շահերի տիրույթում: Հայաստանի շահ ասվածն արդեն դարձել է ածանցյալ մեծություն, որը բխում է Ռուսաստանի շահերից:

Տեսանյութեր

Լրահոս