Ի՞նչ կտա քննչական կոմիտեի ստեղծումը
«Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծն, ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է: Դրանով նախատեսվում է միավորել ՀՀ ոստիկանության և Պաշտպանության նախարարության կազմում գործող քննչական ծառայությունները:
«168 Ժամն» ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ազդեցություն կունենա այս երկու կառույցների միավորմամբ ստեղծված քննչական կոմիտեն նախաքննության որակի վրա: Ի պատասխան` Է. Մարուքյանն ասաց, թե նախաքննության որակի, մակարդակի բարձրացման բոլոր հիմքերը կան, ինչն էլ, նրա խոսքով, հետագայում ազդեցություն կունենա դատարանում քննվող գործերի վրա.
«Մեծ հաշվով, պետք է դրական ազդեցություն ունենա քրեական արդարադատության վրա: Դրա համար «Քննչական կոմիտեի մասին» օրենքով կան, այսպես ասած, բոլոր նախապայմանները»: Է. Մարուքյանի կարծիքով՝ հետագայում մյուս բոլոր քննչական մարմինները, բացի Հատուկ քննչական ծառայությունից, պետք է միավորվեն քննչական կոմիտեում: «Հավատում եմ, որ պիտի միավորվեն: Դա կլինի մեկ թե երկու տարի անց, բայց ապագան դրան է տանելու»:
Ինչպես հայտնի է, միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրությունը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր 2013թ. սեպտեմբերին: Այդ որոշման համաձայն՝ միասնական քննչական մարմին պետք է ստեղծվեր Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա:
Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ ցանկից դուրս է մնացել ՊԵԿ կառուցվածքում գործող քննչական մարմինը: Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը: «Ես չունեմ ինֆորմացիա, թե ինչպես ստացվեց, որ այդ մարմինը դուրս մնաց քննչական կոմիտեի կազմից: Դրա հետ կապված հարցեր հնչեցվել են նաև Ազգային ժողովում:
Իմ պատասխանը նույնն է, որ հետագայում թե ՊԵԿ-ի, թե ԱԱԾ-ի քննչական մարմինները, անկախ նրանց գործունեության առանձնահատկությունից (նրանք կարող են իրենց գործունեության առանձնահատկությունը պահպանել նաև կոմիտեում), պետք է միավորվեն կոմիտեի մեջ: Իմ մոտեցումը սա է: Թե ինչո՞ւ են հանել կազմից, չեմ կարող ասել: Որևէ մեկն ինձ չի ասել, թե ինչու են հանում, կամ ինչու չի միավորվում: Հիմնական փաստարկն այն էր, որ միացնելով միայն այս երկու մարմինները՝ մենք քննվող 95 տոկոս քրեական գործերն իրար ենք միացնում:
Այսինքն՝ երկու մարմին միասին վերցրած քննում են հանրապետությունում քրեական գործերի 95 տոկոսը: Լավ, բայց մյուս 5 տոկոսն էլ պետք է բերենք՝ բացի Հատուկ քննչական ծառայությունից: Եթե բերվում է փաստարկ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ Պետական եկամուտների կոմիտեն առանձնահատուկ բաներ ունեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարությունն էլ առանձնահատուկ բաներ ունի: Հետևաբար, եթե ՊՆ-ի քննչական մարմինն իր առանձնահատկությունները պահպանելով` կարող է գտնվել կոմիտեի կազմում` անգամ քննչական ծառայության այն քննիչները, ովքեր քննելու են զինված ուժերի հետ կապված քրեական գործեր, կարող են տարբերվող համազգեստ ունենալ, հետևաբար՝ պահպանելու են իրենց սպեցիֆիկ դերը, այս կոնտեքստում կարող են լինել նաև ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը՝ իրենց առանձնահատկություններով,-ասաց նա: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում»:
Է. Մարուքյանն ասաց, թե իր պահանջն ու հորդորը ներկայացրել է Արդարադատության նախարարին. այն է՝ պետք է ամբողջությամբ առանձին ինստիտուցիոնալ մարմին ստեղծել, որն ամեն ինչով պետք է տարբերվի: «Եթե այդ մարմինը մնաց նույն շենքերում, նույն պայմաններում, մենք չենք կարող ասել, որ մենք ստեղծել ենք այլ մարմին, մենք չենք կարող ասել, որ այստեղ կարող են որակական փոփոխություններ լինել: Բնական է, որ մենք այստեղ ունենք որոշակի ֆինանսական խնդիրներ, բայց եթե կառավարությունը նախագիծ է ներկայացնում, որ նոր մարմին ստեղծվի, հետևաբար՝ պետք է հաշվի առնի նաև ֆինանսական այդ հարցերը: Ուրեմն՝ հաշվի են առել»:
Է. Մարուքյանը նաև նշեց, որ այսօր տարբեր քննչական մարմինների քննիչները տարբեր չափի աշխատավարձեր են ստանում՝ գործելով տարբեր գերատեսչությունների ներքո: «Քննիչները նաև վարչական առումով տարբեր ապահովվածություն ունեն: Անգամ աշխատասենյակների պայմաններն են տարբեր: Ես կարծում եմ, որ նրանք պետք է միանման աշխատանքային պայմաններ ունենան, վարձատրության միասնական համակարգ, ինչը միանշանակ ազդեցություն կունենա նրանց կատարած աշխատանքի որակի վրա: Եթե դու քննիչ ես և ստանում ես մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, գործում ես տեխնիկական, վարչական աղքատ պայմաններում և սկսում ես ծախսել քո անձնական գրպանից՝ վարելու համար քո նախաքննությունը, այստեղ միանշանակ կարող են առաջանալ և առաջանում են լուրջ խնդիրներ, և դա միանշանակ ազդում է նախաքննության որակի վրա»: