Կրքերը բորբոքվում են. Ո՞ւմ է պատկանում նռան շշի հեղինակային իրավունքը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթում ներկայումս գտնվում են գինու արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ մի քանի գործեր: Այսօր Ծաղկաձորում մեկնարկած սեմինարի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց, որ քաղաքացի Վահագն Գևորգյանը 2006 թ. Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Նռան շիշ» արդյունաբերական նմուշը: Նմանատիպ բողոք է ներկայացրել նաև «Պտղնի գոլդ» ընկերությունը:
««Պռոշյան», «Իջևան», «Վեդի Ալկո», «Մարան» ընկերությունները տարիներ շարունակ արտադրել են նռան շշով գինիներ, այնուհետև Վահագն Գևորգյանը գրանցել է ապրանքանիշն ու բողոք ներկայացրել, որ նմանատիպ շշերով գինիներ են վաճառվում շուկայում, ու մրցակցությունը խաթարվում է»,- ասաց Ա.Շաբոյանը:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ նուռը մեր ազգային սիմվոլիկան է և նման հուշանվերներ, ծաղկամաններ ու տարաներ միշտ պատրաստվել են, և առնվազն 3 արտադրամաս սկսած 1991 թ-ից պարբերաբար արտադրում են նռան տեսքով ապակե ու կերամիկական շշեր. «Դա նույնն է, որ սովորական գինու շիշը գրանցեն որպես արդյունաբերական նմուշ»: Ըստ նրա՝ լուռ համաձայնությամբ բոլորը որոշ դետալների տարբերությամբ արտադրում էին նռան տեսքով շշեր և Մտավոր սեփականության գործակալությունը պարզապես չպետք է գրանցեր, ընդ որում՝ Վ. Գևորգյանը գրանցել է նաև բալ, ծիրան, սերկևիլ նշանները:
«Իջևանի» գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը հայտարարեց, որ նռան տեսքով՝ «365 օր» բրենդը, որ գրանցել է Վահագնը, ստեղծվել և կայացել է «Իջևանի» գինու և կոնյակի գործարանում, իսկ Վահագնը իրենց հետ համագործակցել է, ապա ինչ-ինչ խնդիրների պատճառով ճանապարհները բաժանվել են. «Նուռը ազգային սիմվոլ է և բոլորը պետք է կարողանան օգտագործել: Վահագնը ասել է, թե շուկայում հայտնվել են նռան տեսքով գինիներ, բայց շուկայում հայտնվել է նա, իսկ շուկայում արդեն գոյություն ունեին մեր գինիները: Ոչ թե մենք ենք վարում անբարեխիղճ մրցակցություն, այլ Վահագն Գևորգյանը»:
«Ապրանքային նշանների իրավատերերի» իրավաբանական միության ղեկավար Արտակ Միքայելյանի կարծիքով՝ պետք է դիմել վարչական դատարան՝ մտավոր սեփականության գրանցման վկայականն առ ոչինչ ճանաչելու համար:
Ա.Շաբոյանը նշեց, որ բոլոր գինու գոծարանները, որ արտադրում են նռան շշով գինիներ, ավելի մեծ ճանաչում ունեն, քան «365 օր» բրենդը և հարց է, թե ով է ում շփոթեցնում. «Շատ կան այսպիսի դեպքեր, որ տնտեսվարողները գործունեություն են ծավալում, հետո հայտնվում են այլ տնտեսվարողներ, գրանցում են ապրանքային նշանը և փորձում են այդ ճանապարհով մենաշնորհային դիրք գրավել: Ռուսաստանում ևս այսպիսի խնդիրները շատ են: Մենք պատրաստել ենք օրենսդրական փոփոխություն, նոր փաթեթ է ներկայացվել ԱԺ, որտեղ դրույթներ են ամրագրվել, որ նման դեպքերում հակամրցակցային ճանաչվի նմանատիպ ապրանքային նշանների գրանցումը»: