Ուկրաինան Ռուսաստանից պահանջել է դադարեցնել Roshen-ի վրա ճնշումները
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն ու Ուկրաինայի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը կարծում են, որ Ռուսաստանի տարածքում Roshen-ի գործարանի զավթումը հանդիսանում է քաղաքական դրդապատճառներով այն կամպանիայի տրամաբանական շարունակությունը, որը դեռ նախորդ տարի Roshen-ի դեմ սկսել է Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор):
Նշվում է, որ ՌԴ ՆԳՆ-ի օմոնականնները երեկ շրջափակել և գրավել են Լիպեցկում գտնվող ուկրաինական Roshen ընկերության հրուշակեղենի գործարանը: Ուկրաինական նախարարությունների տարածած հայտարարությունում նշված է, որ ռուս իրավապահները որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, որը նրանց իրավունք կտար մուտք գործել ձեռնարկության տարածք և կասեցնել արտադրությունը:
Roshen-ի ղեկավարությունը պաշտոնապես որևէ դիմում կամ նախազգուշացում չի ստացել տվյալ կապակցությամբ: Ռուսաստանի իշխանությունները ներկայումս փաստացիորեն առգրավում են Ռուսաստանում Roshen-ի արտադրական հզորությունները: