ԵԺԿ-ն կհեռացնի ՀՀԿ-ի՞ն, թե՞ ՀՀԿ-ն դուրս կգա ԵԺԿ-ից

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամներ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեկնել են Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովին: Թե ինչ ելույթներ նրանք կունենան այնտեղ, դեռ հայտնի չէ: Կարելի է կանխատեսել, որ Տիգրան Սարգսյանն անձամբ իր ու Հայաստանի՝ եվրոպական նվիրվածության մասին ելույթով ուղղակի կարող է լացացնել եվրոպացիներին, Արմեն Աշոտյանն էլ՝ պատմականորեն հիմնավորել, որ եվրոպական քաղաքակրթությունը սկիզբ է առել Հայկական լեռնաշխարհում, Վագներն էլ իր երաժշտությունը գրել է Խոր-Վիրապում: Ելույթների մակարդակով դա նրանց մոտ լավ է ստացվում:  Մինչդեռ քաղաքական իմաստով՝ բովանդակային առումով ՀՀԿ-ականների մասնակցությանը ԵԺԿ գագաթաժողովին տեղին է հայտնի հարցը՝ «գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք»:

ԵԺԿ-ն կուսակցություն է, որի անդամ հանդիսացող քաղաքական ուժերի ներկայացուցիչները բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում եվրոպական ծանրակշիռ կառույցներում՝ Եվրահանձնաժողովում, Եվրախորհրդարանում և այլուր: Բոլոր այդ կառույցների թիվ մեկ խնդիրն այս օրերին ուկրաինական ճգնաժամն է, որի լուծման համար նրանք ժամ առ ժամ աշխատում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վրա: ԵԺԿ անդամ հանդիսացող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ խստագույն քննադատության են ենթարկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ղրիմի բռնակցման համար, եվրոպական կառույցներին առաջարկում են պատժամիջոցներ կիրառել նաև անձամբ Պուտինի դեմ: Այս պայմաններում ԵԺԿ գագաթաժողովին է մասնակցում մի երկրի պատվիրակություն՝ վարչապետի գլխավորությամբ, որը մինչև օրս պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել՝ Ուկրաինայի նոր իշխանությունների, Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ, որի նախագահը նախօրեին ջերմ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և արձանագրել, որ  Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:  Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հանկարծ գագաթաժողովի ընդմիջման ժամանակ, ասենք, միջանցքում որևէ եվրոպացի պաշտոնյա կամ լրագրող Տիգրան Սարգսյանին հարցնի՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ, ի՞նչ է նա պատասխանելու: Սարգսյանի անգլերենի իմացությունը, իհարկե, կարող է ներել երկարաշունչ դասախոսություն կարդալու համար, սակայն հարց ուղղողը կարող է կոնկրետացնել՝ «հիմա դուք Յացենյուկին ճանաչո՞ւմ եք որպես ձեր կոլեգա, թե՞ ոչ», կամ՝ «Պուտինի գործողությունները Ղրիմում լեգիտի՞մ էին, թե՞ ոչ», և այդպես շարունակ: Սարգսյանը կարող է ասել նաև այն, ինչ ցանկանում են լսել եվրոպացիները: Սակայն արդյո՞ք կբավականացնի համարձակությունը: Իսկ եթե հանկարծ իր ասածը հրապարակվի մամուլում, կամ մեկն իր խոսքը հասցնի Պուտինին:
Մի խոսքով, ԵԺԿ գագաթաժողովը լավագույն միջոցառումը չէ, որին պետք է մասնակցեին Հայաստանի պաշտոնյաներն այս օրերին: Քանի որ բացառված չէ, որ ԵԺԿ-ում Տիգրան Սարգսյանին հանձնեն այդ կուսակցությունից ՀՀԿ-ին հեռացնելու մասին որոշումը: Թեև բացառված չէ, որ հենց այդ զարգացումը կանխատեսելով  էլ Տիգրան Սարգսյանը մեկնել է Բրյուսել՝ առաջ ընկնելու և ԵԺԿ-ին ՀՀԿ-ի դուրս գալու դիմումը փոխանցելու համար: Դա և՛ քաղաքականապես կլինի ադեկվատ քայլ ու վերջ կդնի Հայաստանի իշխող կուսակցության անդամակցությանը «կասկածելի եվրոպացիների ակումբին», և՛ արժանվույն կգնահատվի Ռուսաստանի իշխանության կողմից՝ նեղ ժամանակներում «ավագ եղբորն» ուղղված քաղաքական ու բարոյական աջակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս