
Ուկրաինացի զինվորականները հրաժարվել են լքել Ղրիմը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները դուրս չեն բերվի Ղրիմից՝ չնայած նրան, որ որոշվել է այդ տարածաշրջանը ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը. «Ո՛չ, մենք մնում ենք»:
Նշվում է, որ այսօր առավոտյան ռուսամետ ակտիվիստները ներխուժել են Սևաստոպոլում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի տարածք: Զինվորականները զենք չեն կիրառել նրանց նկատմամբ, սակայն հրաժարվել են լքել բազայի տարածքը, որի վրա բարձրացված է ռուսական դրոշը: Ընդգծվում է, որ ռուս զինվորականները չեն մասնակցել այդ միջադեպին:
Սրանից առաջ Ուկրաինայի ՊՆ-ը Ղրիմում գտնվող իր զինծառայողներին թույլատրել է կիրառել զենք: