Սևանը մահացու վտանգի տակ է. Հայաստանի էկոլոգիական հասարակություն

Հայաստանի էկոլոգիական հասարակությունը ահազանգում է՝ Սևանը մահացու վտանգի տակ է: Պատճառը Սևանա լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների և 5 տարի ժամկետով Սևանը ձկնաբուծարանի վերածելու իշխանության ծրագրերն են: Սևանը կորցնելու վտանգի վերաբերյալ մասնագետները նախապատրաստել են բաց նամակ՝ ուղղված ՀՀ նախագահին և կառավարությանը, որը ստորագրել են Հայաստանի էկոլոգիական դաշինքը (շուրջ 50 կազմակերպություն), Օրհուս կենտրոնները, բնապահպանական հասարակական կազմակերպություններ, գիտնականներ և Հայկական լեռնաշխարհի մարգարտի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ:

Այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում ՀՀ Ազգային ժողովի 1999-2003թթ. 2-րդ գումարման սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը հայտարարեց, որ այդ 2 ծրագերն էլ «աղետ» են և հակասում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին, որով արգելվում է ցանկացած տնտեսական գործունեություն Սևանի ավազանում ոչ միայն լճի վրա անմիջական ազդեցության գոտում, այլև հեռահար:

«Սևանա լիճը պետք է պահպանել որպես բնական հուշարձան, Սևանը ոչ միայն մեր ազգային, այլև տարածաշրջանային և համամարդկային հարստություն է, մեր ազգային անվտանգության կարևորագույն երաշխիքն է»,- ասաց Գ. Թադևոսյանը՝ կոչ անելով բոլորին միավորվել ու ձայն բարձրացնել հանուն Սևանի պաշտպանության:

Ըստ նրա՝ 12 տարի է անցել օրենքի ընդունումից, սակայն մինչ օրս Արփա-Սևան թունելը դեռ չի գործում: Գ. Թադևոսյանի խոսքով՝ ջրատարի վերականգնման համար 11 մլրդ 800 մլն դրամից ավելի գումար է հատկացվել, արդեն 4 տարի է աշխատանքները սկսվել են, բայց դեռ 5 տարի էլ ուզում են, մինչև ավարտեն, այսինքն՝ ստացվում է, որ շինարարությունից ավելի շատ ժամանակ է պահանջում վերակառուցումը. «Պարզ է, որ չեն ուզում հավելյալ ջուր բերեն Սևան: Շարունակաբար, համառորեն չեն իրականացվում այն որոշումները, որոնցով պետք է բոլոր բնակավայրերը մաքրիչ-զտիչ կայաններ ունենային: Ո՞ր կայաններն են գործում: Հիմա էլ 74 ձկնաբուծական ֆերմա են ուզում ստեղծել լճում ու որպես կեր 50 տոննա ազոտական ու ֆոսֆորական կեր կգնա ջրի մեջ, այն էլ՝ տարեկան: Ընդ որում՝ բազմացվող ձկի ընդամենը 1.5%-ն է բաց թողնվելու լիճ, մնացածը բիզնես պրոեկտ է, որ կիլոգրամը 6000 դրամով Փակ շուկայում վաճառեն, այն էլ այդ ձուկն ուտելու բան չի, շան առջև գցում ես, չի ուտում: Դա ի՞նչ ծրագիր է: Բայց Սևանի 10-րդ  օրենքն արգելում է որևէ տնտեսական գործունեություն իրականացնել ու պետք է պահպանել օրենքի տառը: Ինչքա՞ն կարելի է ոտնահարել»:

Ջրային էկոհամակագերի մասնագետ Սեյրան Մինասյանի գնահատականով, ներկայումս լիճը գտնվոմ է խիստ անհավասարակշիռ վիճակում, եթե որոշ պարամետրերով ցուցանիշները լավանում են, ապա մի շարք պարամետրերով վատանում են. «Տեղի է ունեցել ֆոսֆորի կոնցենտցրացիայի անդարձելի նվազում և ազոտի բարձրացում: Ինչով որ եզակի էր Սևանն աշխարհում, այժմ այդ եզակիությունը վերացել է»:

Ս.Մինասյանը հայտնեց, որ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կարպի նման դիմացկուն ձուկը անթրոպոգեն ձևափոխության է ենթարկվում, ԴՆԹ-ն է փոխվում:

«Չի կարելի կասեցնել լճի մակարդակի բարձրացումը: Կենսազանգվածի աճը մեծացել է, բայց դա ձուկը չի, ձկի կերն ավելացել է, բայց ձուկ չկա: Այնպիսի մեծ վնաս կարող են ք հասցնել այդ հավելյալ ջրառով, որ հետագայում չի վերականգնվի: Այժմ սկսվող էվտրոֆացումը կանգնեցնել և գործընթացը հետ բերելը շատ ժամանակ ու ծախսեր կպահանջի: 500 տարի հետո էլ ծնվող երեխան իրավունք ունի Սևանի վրա և ոչ մեկ Ջրպետկոմին իրավունք չի տվել ցանկացած ժամանակ ցանկացած քանակի ջուր վերցնել»,- հայտարարեց Ս.Մինասյանը՝ նշելով, որ սա ազգային անվտագության խնդիրն է, քանի որ բլոկադայի ժամանակ թե ջրից էլեկտրաէներգիա էին ստանում, թե ձուկը որպես սնունդ էր օգտագործվում:

Նշենք, որ մարտի 19-ին Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ Սևանից հավելյալ ջրառի և ձկնաբուծության զարգացման օրինագծերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս