Մաքսային անպատժելիության եվրոպական վայելքները
Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց եվրոասոցիացման խոստումնալից հեռանկարից և հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին: Այս հարցին անցած 7 ամիսներին տրվել են 70 կամ 700 պատասխաններ: Ընդդիմության գերակշիռ մասը գերադասում է չխոսել այս թեմայի շուրջ, իսկ դիրքորոշում արտահայտելու դեպքում քննադատվում է ոչ թե Մաքսային միության ընտրությունը, գաղափարը, այլ այդ գործընթացի տեխնիկական, դետալային ասպեկտները՝ հանրագումարում անշրջելի համարելով ՄՄ-ին անդամակցությունն ընդհանրապես:
Իշխանությունների հրապարակային, ընդհանրացված պատասխանն այն է, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, առևտրի համար նոր հեռանկարներ է խոստանում բազմամիլիոնանոց շուկայում, և այլն: Ոչ այնքան հրապարակայնորեն ու ավելի համոզիչ կերպով իշխանության ներկայացուցիչներն արդարանում են, թե այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի ճնշման տակ, որ Մաքսային միությանը չանդամակցելը կսպառնար ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի անկախությանը, և այլն:
Այս արդարացումների ֆոնին պաշտոնյաների մի մասը փորձում է ներկայանալ զոհի կերպարով, ստեղծել այնպիսի տպավորություն, որ իրենք մանկուց երազել են եվրոպական արժեքների մասին, ուղնուծուծով եվրոպացի են, սակայն չէին կարող երկրի անվտանգությունը վտանգել ռուսական սպառնալիքներին և հանուն դրա՝ հետ կանգնեցին եվրոպական ուղուց: Այս կերպարով ներկայանում են հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատը, ինչպես նաև՝ եվրոհհկական երիտասարդները:
Բայց արդյո՞ք այդպես է իրականում: Արդյո՞ք, եթե չլինեին ռուսական ճնշումները, Հայաստանի իշխանությունը կսլանար եվրոպական ընտանիք և Հայաստանը կդարձներ իսկապես եվրոպական պետություն, ինչպես հայտարարում է:
Առաջին հայացքից՝ թվում է՝ այո: Ոչ թե այն պատճառով, որ իշխանության ներկայացուցիչներն իսկապես համամարդկային արժեքների, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ջահակիրներ են, այլ որովհետև Եվրոպան նրանց հարստության, շվայտ կյանքի համար ամենահարմար վայրն է: Պաշտոնյաների ու գործարարների մեծ մասն այսօր էլ, ըստ էության, ապրում է Եվրոպայում: Նրանց երեխաները կրթություն են ստանում եվրոպական բարձրակարգ բուհերում, ընտանիքի անդամները բուժվում ու երիտասարդանում են նույնպես եվրոպական երկրներում, տաժանակիր հայրենանվեր աշխատանքից հոգնածությունը պաշտոնյաները թոթափում են եվրոպական խաղատներում ու ժամանցի վայրերում, և այլն: Բայց Եվրոպայի հետ հարաբերությունը նրանց համար ցանկալի է հենց այս տեքստով՝ ավելին իշխանություններին ոչ միայն պետք չէ, այլև կարող է վտանգավոր լինել:
Իշխանություններին պետք է ոչ թե Հայաստանը դարձնել եվրոպական ազատ ու բարեկեցիկ պետություն, որտեղ մեծամասնությունը կապրի արժանապատիվ կյանքով, այլ նրանց անհրաժեշտ է, որպեսզի իրենք ազատորեն կարողանան վայելել եվրոպական կյանքի բարիքները՝ առանց եվրոպական հասարակությունների համար պարտադիր համարվող պատասխանատվության:
Հայաստանը դարձնել եվրոպական երկիր՝ նշանակում է՝ հրաժարվել միլիոնավոր դոլարների ստվերային եկամուտներից, արտոնյալ գործարարներին, նրանց մենաշնորհները հովանավորելուց, ստեղծել իրականում անկախ դատական համակարգ, որը կդատի նաև ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին: Ստեղծել եվրոպական պետություն, իրականում ասոցիացվել Եվրոպային՝ նշանակում է՝ վերացնել այն իշխանական համակարգը, որը համարվում է Հայաստանի ամենամեծ արատը: Ստեղծել եվրոպական պետություն՝ ամենևին չի նշանակում՝ գիծ քաշել և, ասենք, հաջորդ ամսվա 1-ից ապրել նոր կանոններով:
Դա նշանակում է նաև որոշակի պատասխանատվություն անցյալի համար կամ, առնվազն, արդարադատության ու հանրային վերահսկողության այնպիսի համակարգի ստեղծում, որը ցանկացած պահի կարող է վեր հանել նաև անցյալում կատարված հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել դրանք կատարողներին: Անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին:
Դրա վառ օրինակը Խորվաթիայի նախկին վարչապետի տխուր ճակատագիրն ու կարիերայի անփառունակ ավարտն է: Նախկինում գրեթե Հայաստանի նման ապրող, գրեթե նույնպիսի բարքեր ու պետական կառավարման փտած համակարգ ունեցող այդ երկիրը 2013 թվականից դարձել է Եվրոպական միության անդամ և կատարում է անդամակցության պահանջներից բխող քայլերը: Դրանցից մեկն էլ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, որն ի սկզբանե համարվում էր ԵՄ-ի կողմից Խորվաթիային անդամակցության համար ներկայացված առանցքային պայմաններից մեկը: Եվ ահա, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ: Սանադերը պաշտոնավարել է 2003-2009թթ.:
Ի դեպ, ճիշտ այնքան, որքան այս պահին կազմում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Իվո Սանադերը և Խորվաթիայի Դեմոկրատական կուսակցությունը մեղադրվում են պետական կազմակերպությունների գումարների ապօրինի շրջանառության կամ, ավելի պարզ ասած, պետական փողերի լվացման մեջ:
Եթե Դեմոկրատական կուսակցության անունը փոխարինենք «Հանրապետական»-ով, ապա, ըստ էության, կստանանք այն պատկերը, որն առկա է Հայաստանում: Այն տարբերությամբ, որ Խորվաթիայի համար դա արդեն անցյալում է, իսկ Հայաստանն ապրում է այդպիսի ներկայով ու, որ ավելի վատ է՝ այդ վիճակի խորացման սարսափելի հեռանկարով:
Այս և նման օրինակներ աչքի առաջ ունենալով՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունը, որի ամենավերևից մինչև ամենաստորին օղակը թաթախված է կոռուպցիայի, անօրինական փողերի հետ կապված պատմությունների, այն ամենի մեջ, ինչի համար դատապարտվել է Խորվաթիայի վարչապետը, կցանկանար իրականում ասոցիացվել Եվրոպային՝ այդպիսով կնքելով սեփական դատավճիռը: Իհա՛րկե ոչ:
Մաքսային միությունը ճիշտ հակառակն է. այնտեղ հավաքված են երկրներ, որոնց ղեկավարներն աշխարհի ամենահարուստ մարդկանցից են, որտեղ պետական փողերի յուրացումը պատվի ու արժանապատվության հարց է, որտեղ դատում են ոչ թե կաշառակերներին, այլ նրանց մասին բարձրաձայնողներին: Ճիշտ այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանի իշխանություններին: Մաքսային միության կազմում լինելով՝ կարելի է ոչ միայն պահպանել ունեցած հսկայական հարստությունը, այլ նաև ավելացնել այն: Իսկ «և-և»-ի քաղաքականությունը հնարավորություն է տալիս և՛ միլիոններ աշխատել ու չպատժվել Մաքսային միության շրջանակներում, և՛ դրանք ծախսել Եվրոպայում: Իշխանությունների համար ասոցիացման ավելի լավ բանաձև դժվար է գտնել:
Այնպես որ, պետք չէ զարմանալ Մաքսային միությանն անդամակցելու՝ իշխանությունների շտապողականության վրա, որը, ինչպես հայտնի է, զարմացնում է անգամ ռուսներին: Ոմանք կարծում են, թե իշխանությունները շտապում են, որովհետև այդպես են ցանկանում Ռուսաստանում: Իրականում նրանք շտապում են, որովհետև իրենց պետք է օր առաջ իսկապես անշրջելի դարձնել Հայաստանի մաքսայնացումը: Դա և՛ շահավետ է, և՛ անվտանգ: