«ԼԳԲՏ», «Հայ», «Քուրդիստան» – թուրք հասարակության մեծ մասի համար մերժելի բառերը. Radikal
Թուրքական Radikal թերթի բլոգում մարտի 10-ին հրապարակվել է Բարըշ Չիչեքի «Մեկուսացված հասկացություններ» խորագրով հոդվածը, որում հեղինակն ընդգծում է, որ կան մի շարք բառեր, որոնք աընդունելի են թուրք հասարակության մեծ մասի կողմից:
Այդ բառերից մեկը «ԼԳԲՏ-ն» է (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր), որը շրջանառության մեջ մտավ 1990-ական թվականներից: Այն անընդունելի է համարվում աշխարհի բազմաթիվ երկրների մեծ մասի հասարակության, այդ թվում նաև թուրք հասարակության համար:
Երկրորդ բառը «հայ» բառն է: Հարավային Կովկասում գտնվող Հայաստանի Հանրապետության սահմաններում և աշխարհի այլ երկրներում բնակվող այս ժողովուրդը պատմության մեջ հայտնի է որպես շնորհաշատ (վարպետ) մարդիկ տված ժողովուրդ:
Սակայն մեր օրերում և հատկապես Թուրքիայում բնակվողների մեծ մասի համար «հայ» բառը դեռ օգտագործվում է որպես «հայհոյանք» կամ «վիրավորանք»: Մենք պետք է իմանանք, որ հայը կամ Հայաստանը աշխարհի բոլոր երկրների կողմից ճանաչված ժողովուրդ և պետություն են: Ժամանակն է, որ մենք փոխենք այդ բառի նկատմամբ մեր այդ վերաբերմունքը:
Բարըշ Չիչեքը՝ որպես երրորդ օրինակ, նշել է «Քուրդիստան» բառը՝ ընդգծելով, որ այն Միջագետքի տարածաշրջանում գտնվող աշխարհագրական տեղանուն է: Չիչեքը հիշեցրել է, որ այդ բառը գործածել են Օսմանյան փադիշահները (Սուլեյման Առաջին Օրենսդիր), սակայն Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից (1923) հետո այդ բառի գործածումն արգելքի տակ է:
Չիչեքն ուշադրություն է հրավիրել նրան, որ եթե այդ բառն անձամբ գործածում է Թուրքիայի վարչապետը, ապա դա նորմալ է ընդունվում, իսկ եթե դա անում են այլ մարդիկ, ապա նրանց պատժում են: Չիչեքը կարծում է, որ պետք է վերջ դնել այդ բառի հանդեպ ունեցած «ալերգիային»: Չիչեքն անընդունելի բառերի թվում հիշատակել է նաև հուդայականությունը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի սկզբին թուրքական Hurriyet պարբերականի սյունակագիր Ահմեդ Հաքանն իր հոդվածում անդրադարձել էր նրան, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ու ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել էին հայկական ծագում ունենալու մեջ, սակայն վերջիններս անմիջապես հերքել էին դա.
«1. Մինչ օրս Թուրքիայում չի եղել մի պաշտոնյա կամ առաջնորդ, որը քաջություն կունենար և, ի պատասխան «դու հայ ես» արտահայտության, կասեր` «այո, ես հայ եմ… ասածդ ի՞նչ է»:
2. Հայ կամ հրեա լինելու մեջ մեղադրվողները համարում են, թե դա իրենց հասցեին արված վիրավորանք է և իսկույն վկայակոչում են իրենց տոհմածառն ու արմատները (նկատի է առնվում Աբդուլլահ Գյուլը):
3. Հանրության մի ստվար հատված էլ, իր հերթին, խրախուսում է բոլոր նրանց, ովքեր հայկական կամ հրեական ծագում ունենալու հանգամանքը համարում են մեղսագործություն»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի կողմից «Քրդստան» բառն օգտագործելուն, ապա Չիչեքը նկատի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանին, ով նախորդ տարվա նոյեմբերի կեսին Դիարբեքիրում ընդունեց Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիին և առաջին անգամ գործածեց «Քուրդիստան» բառը:
Ընդդիմադիր կուսակցությունները դրա համար խստապես քննադատեցին Էրդողանին, սակայն վերջինս, ի պատասխան, հիշեցրեց, որ այդ բառը գործածվել է Օսմանյան կայսրության ժամանակ, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության ու ԺՀԿ-ի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից. «Ի՞նչ է, Մուսթաֆա Քեմալն է՞լ է պառակտիչ»: