Բաժիններ՝

Թուրք լրագրողը պատմել է ուղիղ 11 տարի տարի առաջ երկրի վարչապետ դարձած Էրդողանի դեմ մահափորձերի մասին

Թուրքական Akşam ‎թերթի փոխանցմամբ՝ գրող-լրագրող Աբդուռահման Դիլիփաքը Յալովայում մասնակցել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչների կազմակերպած հանդիպմանը: Հանդիպման ժամանակ Դիլիփաքը պատմել է Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձերի մասին:

Դիլիփաքի խոսքերով՝ Էրդողանի դեմ կազմակերպվել է 20-ից ավելի մահափորձ. «Էրդողանին թունավորել են, սակայն նրան հաջողվել է, մեծ մուրճ գտնելով, կոտրել մեքենայի ապակին և վերջին պահին դուրս գալ նրանից: Էրդողանին ցանկացել են թունավորել նաև կալանավայրում, ինչպես նաև հիվանդանոցում: Էրդողանը այլևս չպետք է հետ վերադառնար վիրահատությունից, ինչից հետո պետք է ձերբակալեին Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարին: Սակայն այդ ամենը ձախողվել է»:

Հիշեցնենք, որ  Էրդողանը մարսողական համակարգի հետ խնդիրներ ունենալու պատճառով Ստամբուլում վիրահատության է ենթարկվել 2011 թվականի նոյեմբերի 26-ին և 2012 թվականի փետրվարի 10-ին: Ի դեպ, ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրությանն առնչվող WikiLeaks-յան բացահայտումներից մեկում նշված էր, որ երկրորդ վիրահատությունից հետո բժիշկներն Էրդողանին հայտնել են, որ արդյունքները հուսադրող չեն. նրան մնացել է երկու տարվա կյանք:

Նախորդ տարվա հունվարի վերջերին թուրքական Sabah թերթը գրել էր, որ Էրդողանի կյանքը վերջին 10 տարիներին սպառնալիքի տակ է հայտնվել նվազագույնը 100 անգամ: 2002-2012 թվականներին Թուրքիայի հատուկ ծառայությունները բացահայտել են Էրդողանի դեմ 100 մահափորձի նախապատրաստություն:

Թերթն ընդգծել էր, որ բացի Էրդողանի դեմ անմիջական մահափորձերից, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա հասցեին հնչեցված սպառնալիքները: 10 տարվա ընթացքում Թուրքիայի արմատական կազմակերպությունների անդամները սպառնացել են Էրդողանի հետ հաշվեհարդար տեսնել նվազագույնը 342 անգամ:

Հարկ է նշել, որ այսօր լրանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնում Էրդողանի պաշտոնավարման 11 տարին: Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականի մարտի 14-ին՝ 2002 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած ԱԶԿ-ի հաղթանակի արդյունքում:

Էրդողանն արդեն իսկ գերազանցել է Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի (անընդմեջ վարչապետ հանդիսանալու) ռեկորդը, որին զինվորականները 1960 թվականի մայիսի 27-ին գահընկեց արեցին, և որը կախաղան բարձրացվեց 1961 թվականի սեպտեմբերի 17-ին Մարմարա ծովի Իմրալը կղզում: Մենդերեսը Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 22.05.1950-27.05.1960 ժամանակահատվածում՝ ընդհանուր առմամբ 10 տարի և 5 օր:

1946 թվականին Թուրքիայում միակուսակցական համակարգից հրաժարվելուց ու բազմակուսակցական համակարգին անցում կատարելուց հետո Էրդողանն ունի ամենամեծ ցուցանիշը՝ կապված վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ժամկետի հետ: Իսկ ընդհանուր (ժամկետով) առմամբ, նա զիջում է միայն Իսմեթ Ինենյուին, որի ցուցանիշը կազմում է 17 տարի, 11 ամիս և 20 օր:

Ինչ վերաբերում է Էրդողանի ազատազրկմանը, ապա դա տեղի է ունեցել 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջումից հետո, որը հանգեցրեց իսլամական գործիչ Նեջմեթթին Էրբաքանի կոալիցիոն կառավարության հրաժարականին և 1998 թվականի հունվարին Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից  «Ռեֆահ» կուսակցությունը ցրելուն (1998 թվականի հունվար):

«Ռեֆահի» առաջնորդներից Ռեջեփ Էրդողանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, ստիպված էր բանտում 4 ամիս անցկացնել ցույցերից մեկի ժամանակ իսլամիստական տրամադրություններ արտահայտելու համար. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:

1998 թվականի փետրվարի 21-ին թուրքական դատարանը կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով Էրդողանին դատապարտեց մեկամյա բանտարկության և նշանակեց 860 միլիոն (հին) թուրքական լիրա տուգանք:

Էրդողանի բողոքարկումից հետո նախ այդ պատժաչափը նվազեցվեց մինչև 10 ամսվա, իսկ տուգանքը՝ մոտ 177 միլիոնի, ապա Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1998 թվականի սեպտեմբերի 24-ին վճռեց, որ Էրդողանը բանտում պետք է անցկացնի 4 ամիս: Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր 1999 թվականի մարտի 26-ին, դուրս եկավ նույն թվականի հուլիսի 24-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս