
Աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները դիմել են դատարան

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Քրիստինե Գևորգյանը աշխատանքից ազատված երեք աշխատակիցների անունից հայց է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 168.am-ի հետ զրույցում Ք. Գրիգորյանն ասաց, որ պահանջում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, նրանց վերականգնել նախկին աշխատանքում և վճարել պարապուրդի ամբողջ ընթացքի գումարը:
Ք. Գրիգորյանի խոսքով՝ Մեպրոպոլիտենի երեք աշխատակիցներն աշխատանքից ազատվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով՝ աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ աշխատողի նկատմամբ վստայությունը կորցնելու դեպքում: «Նույն օրենսգրքի 122-րդ հոդվածը սպառիչ թվարկում է, թե որոնք են վստահությունը կորցնելու հիմքերը, և գործատուն այդ պահանջը չի պահպանել,- ասաց Ք. Գրիգորյանը՝ հավելելով,- «Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածով վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատելը նաև համարվում է տույժ, և մինչև իրենց ազատելը գործատուն պետք է նկատողություն, զգուշացում կամ նախազգուշացում տար, որպեսզի իրենք կարողանային գրավոր ձևով բացատրություն տալ, իրենց պետք է հնարավորություն տրվեր, որ նրանք որևէ կերպ արդարացնեին, եթե նույնիսկ իրենք կատարել են որևէ արարք, որի արդյունքում գործատուն կորցրել է վստահությունն իրենց նկատմամբ, իրենք պետք է դրա համար գրավոր բացատրություն գրեին, որը չի պահպանվել: Նույնիսկ երբ իրենք պահանջել են զեկուցագրերը, որոնց հիմա վրա իրենց աշխատանքից ազատել են, դրանք չեն տրամադրվել»:
Հիշեցնենք, որ Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները՝ Գագիկ Գալստյանը, Անդրանիկ Գևորգյանը և Սևակ Հովհաննիսյանը աշխատանքից ազատվել էին այս տարվա փետրվարին: Նրանք նշում էին, որ իրենց աշխատանքից ազատելը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ մասնակցել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ակցիային:
Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշել էր, որ երեք աշխատակիցների ազատումը կապ չունի ակցիայի հետ: Նրա հավաստմամբ՝ այդ աշխատակցները թերացել են իրենց ծառայողական պարտականություններում: