Մենք կարողանում ենք լուրջ վերաբերվել ալկոհոլ օգտագործելուն. Նաիրա Կարապետյան
«Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի համահեղինակ Նաիրա Կարապետյանը, մի կողմ դնելով «դատարկ խոսքերը», անցում կատարեց «բովանդակալից բառակապակցությունների պարզաբանմանը»: Օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից ՀՀԿ խմբակցության պատգամավորը անդրադարձավ այն մեղադրանքին, որ եթե օրենքն ընդունվի, ապա ժողովուրդը կսկսի ավելի շատ ալկոհոլ օգտագործել: «Հայ ժողովուրդը երբեք ալկոհոլի չարաշահման այն աստիճանի չի հասել, և դա գալիս է հոգեկերտվածքի առանձնահատկություններից, մենք կարողանում ենք լուրջ վերաբերվել ալկոհոլ օգտագործելուն»,-հակադարձեց նա:
Նա նշեց, որ հայկական հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում հայ սպառողն ու հայ հանդիսատեսն են, ովքեր ունեն որակյալ հեռուստատեսություն ունենալու և համաշխարհային որակյալ հաղորդումների հանդիսատես լինելու իրավունք, ինչը բացառապես պայմանավորված է հեռուստատեսությունների ֆինանսական հնարավորություններով:
«Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մենք այսօր ստիպված ենք գրեթե բոլոր TV-ներով դիտել հին հեռուստաֆիլմեր, նորերի ձեռքբերումը բավական մեծ գումար արժի, իսկ ոչ լիզենզավորված ֆիլմերն արգելված է ցուցադրել»,-նկատեց պատգամավորը:
Նաիրա Կարապետյանն ասաց, որ ինքը չգիտի՝ ինչպիսին է լինելու կին պատգամավորների քվեարկությունը, սակայն, որպես կին պատգամավոր, հիշեցրեց, որ հեռուստատեսային հաղորդումնրի մասին թեմաների քննարկման ժամանակ, բոլորին մտահոգում էր մեկ հարց՝ ինչու են հայկական հեռուստատեսություններում բացակայում որակյալ կրթական, մանկապատենական, ռազմահայրենասիրական, դաստիարակչական հաղորդումները, և փակուղին տանում է մի կետի ՝ֆինանսների բացակայությանը:
«Ինչ վերաբերում է նրան, որ մենք դառնում ենք «իզգոյ», որ մենք բացում ենք տաբուն ու սկսում ենք գովազդել թունդ ալկոհոլային խմիչք, մեկ հարց է հետաքրքրում ինձ, այն որ կոնյակի գովազդն անսահմանափակ թույլատրված է, գինին թունդ չի համարվում ու գովազդվում է… Բոլորս էլ ապրում ենք նույն քաղաքում ու գովազդային վահանակների վրա այդ գովազդներն են, ու ինտերներտում էլ հասանելի է գովազդը, սա դավադրություն տեսնելու մի փորձ է»,- նշեց նա, ապա հորդորեց ստվեր ու թաքնված շահեր չփնտրել այս օրինագծում՝ հավաստիացնելով, որ փոփոխություններն ունեցել են բարի նպատակներ, և պետք չէ հասարակությանը թյուրըմբռնման տանել: