Բաժիններ՝

Դեպուտատ եք, ձայն եք հավաքել, մի քիչ ինքնուրույն քվեարկեք. Արամ Մանուկյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկում է հետաձգել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը՝ նշելով, որ օրենքն ընդունելու որևէ հիմնավոր փաստ չի տեսնում: Նախագծի քննարկման ժամանակ Արամ Մանուկյանը ՀԱԿ խմբակցության անունից հայտարարեց, որ 1996 թվականին, երբ օրենքը նոր էր ընդունվել, ինքը եղել է օրինագծի համահեղինակներից մեկը, երեք տարի աշխատել է օրենքի նախագծի վրա ու շատ լուրջ է վերաբերել օրենքի գոյությանը: «Մեզ համար գովազդը շուկայական տնտեսության անհրաժեշտ բաղադրիչներից է, ազատ շուկայական տնտեսության կարևոր բաղադրիչը, բայց այն ուղղակի հակացուցված է մենաշնորհների հետ, և եթե կան ոլորտում աղաղակող թերություններ, ապա դա հետևանք է մոնոպոլիայի, որի պատճառով էլ չկա մրցակցություն»,- նշեց նա:

Արամ Մանուկյանը խոսեց հայկական հեռուսատեսությամբ եթեր հեռարձակվող գովազդի մի քանի թերությունների մասին՝ նշելով, որ դրանցից ամենաաղաղակողը գովազդի չափազանց բարձր ձայնն է: «Գովազդի ձայնը հակացուցված է առողջապահական առումով: Երբ դու տասը դեցիբելի վրա նայում ես հաղորդում, հետո գովազդը դառնում է քսան դեցիբալ, դա սթրես է առաջացնում, քնած մարդն է արթնանում, բայց որքան ուզում ես ասա՝ չեն հասկանում, չեն ուզում այս դեֆեկտը ուղղել: Մեր գովազդներից շատերը հակացուցված են երեխային ցույց տալու համար: Հակացուցված է, որ նույն գովազդը հինգ անգամ ցույց են տալիս, սա արդեն հակագովազդ է»,- մանրամասնեց նա:

ՀԱԿ պատգամավորը խոսեց նաև գովազդային լեզվի թերությունների մասին՝ դրանք որակելով որպես անգրագիտության դրսևորում: «Ասում են՝ «կանացի վարսավիրանոց», «տղամարդու կաշվից կոշիկ», էս կարգի բաները լեցուն  են, փող ես ծախսում սրանց համար, մեծ գումար, որ տղամարդու կաշվից կոշիկ գովազդեն, սա անգրագիտություն է»,- հավելեց նա:

Արամ Մանուկյանի դիտարկմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում հեռուսատեսությամբ  գովազդվում է նաև արտագաղթը, այն ավտոբուսները, միկրոավտոբուսները, որոնցով կարելի է  հարմարավետ հասնել ՌԴ ցանկացած քաղաք, մատչելի գներով. «Այսինքն, մենք գովազդ ենք տալիս, որտեղ գովազդվում է տեղահանումը: Այ պետություն, էս ա՞ գովազդի քաղաքականությո՞ւնը, գովազդն էնքան լավ բան է՝ զգացմունք, էսթետիկա պետք է տա, բայց մեր մոտ հակագովազդ է»:

Խոսելով մենաշնորհների մասին՝ պատգամավորը նշեց, որ չի կարելի ինչ-որ մեկի կամքը բերել ու հրամցնել խորհրդարանին։  «Հերիք է էլի, քվեարկեք այպես, ինչպես դուք եք մտածում: Դուք որ գնում եք տում, ձեր երեխաները ձեզ որ հարցնում են՝ ո՞նց եք քվեարկել, ասում եք, ոնց ասեց Գալուստ Սահակյանը տե՞նց: Դեպուտատ եք ախր, ձայն եք հավաքել, մի քիչ ինքնուրույն քվեարկեք, ջհանդամ, թե փեսեն չի առաջարկել այս օրենքը, պիտի քվեարկեք: Մի քիչ թասիբ թող մեջներդ առաջանա, ո՞նց կարելի է սա քվեարկել»,- եզրափակեց նա՝ դիմելով իշխող ՀՀԿ պատգամավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս