ՀՅԴ-ն դեմ է ալկոհոլային խմիչքների գովազդին
Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր ելույթում նկատեց, որ երեկ օրենքի այս նախագծի քննարկումը սկսվեց այն պահին, երբ դահլիճում քիչ մարդ կար, ուստի պատգամավորը նախընտրեց խոսել օրենքի էության մասին:
« «Գովազդի մասին» օրենքն արգելում է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը՝ բացի կոնյակից, հեռուստատեսությամբ, օրենքի փոփոխության հեղինակներն առաջարկում են այդ արգելքը հանել երեկոյան 22.00 մինչև առավոտյան 6-ը: Նպատակն է՝ բարելավել հեռուստատեսությունների ներկայիս ֆինանսական վիճակը: Հեղինակներն ակնկալում են, որ տարեկան մոտ մեկ միլիարդ դրամ կարժենա TV-ների եկամուտը»,- նշեց Աղվան Վարդանյանը: Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ քաղաքակիրթ աշխարհը գնում է մի ուղղությամբ, ՀՀ-ն՝ մեկ ուրիշ: Նա նշեց, որ ԱՄՆ-ում, տասնյակ այլ երկրներում բացառված է թունդ խմիչքների գովազդը, իսկ Հայաստանում կատարվում է հակառակը:
«Որքանո՞վ է ճիշտ օրենք ընդունել՝ մի քանի հեռուստաընկերությունների շահը հաշվի առնելով, արդյոք սա անբարեխիղճ լոբբինգի տարրեր չի՞ պարունակում»,-նշեց նա: Պատգամավորն ասաց, որ գովազդի շուկան ամենաստվերայինն է և անձնական, ու խմբակային շահերն ակնհայտ են: Նա ԱԺ-ին հիշեցրեց մի դեպք, երբ տարիներ առաջ Ֆինանսների փոխնախարարը Հանրայինի ղեկավարին հարց է ուղղել, թե տարեկան գովազդից որքա՞ն եկամուտ են ունենում. «Ասաց 300.000 դոլար… առաջարկեց բյուջեով լրացուցիչ 400.000 հատկացնել` գովազդը հանրայինից հանելու պայմանով… Տեսնեիք՝ ոնց հրաժարվեց, ոնց ընդդիմացավ…»: Վարդանյանը հայտարարեց, որ դեմ է այս նախագծին և հանդես գալով խմբակցության անունից՝ առաջարկեց մեծամասնությանը հետ տանել այս նախագիծը: