«Չի եղել նման իրավիճակ Գյումրիում անգամ երկրաշարժից հետո». ԳԱԼԱ
Մեկ շաբաթ առաջ Գյումրու քաղաքապետարանում խորհրդակցություն-քննարկում անցկացվեց. թեման քաղաքի փողոցներում ստեղծված ընդհանուր իրավիճակն էր, մասնակից կողմերը՝ խնդրով պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչները: Արդարացված համարելով տարբեր թաղամասերից ստացված բողոք-դժգոհությունները՝ պատասխանատու կառույցներից վստահեցրին, որ տասնօրյա ժամկետում բնակիչներն էական փոփոխություններ կտեսնեն քաղաքում: Եվ այսպես, ի՞նչ է արվել անցած մեկ շաբաթվա ընթացքում: Ի՞նչ է հաջողվել փոխել Գյումրու երկրորդական, ոչ անցանելի ճանապարհահատվածներում:
Նորություն չէ, որ քաղաքի ոչ կենտրոնական փողոցների վիճակը, մեղմ ասած, անհանգստացնող էր նաեւ մինչ նոր ջրամատակարար ցանցի անցկացումը, ուղղակի անցած տարեկեսից մեկնարկած աշխատանքները նպաստեցին, որ գրեթե անվերահսկելի իրավիճակ ստեղծվի քաղաքում: Տարբեր թաղամասերից դժգոհող բնակիչներ, աներթեւեկելի ճանապարհահատվածներ և օդի աղտոտվածության բարձր ցուցանիշ: Ըստ ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի՝ կատարված մոտավոր հաշվարկներով 120 միլիոն դոլար գումար է պահանջվում քաղաքի ոչ կենտրոնական փողոցների հիմնանորոգման համար, Գյումրու տարեկան բյուջեն կազմում է 8 միլիոն դոլար, ինչը խոսում է այն մասին, որ ամենամեծ ցանկության դեպքում տեղական իշխանությունները միայն մասնակի նորոգումների խնդիր կարող են լուծել քաղաքում:
«Ես համարում եմ, որ առաջին գծին պետք է լինի պետական իշխանությունը: Պիտի տեսնի, հասկանա խնդիրը տեղական իշխանության հետ եւ քաղաքացիական հանրության հետ ու աշխարհի երեսից ինչքան փող կա սրբի, բերի էդ ամենը վերականգնի»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Լեւոն Բարսեղյանը:
Բնապահպան Լեւոն Մարտիրոսյանի խոսքերով՝ նման իրավիճակ քաղաքում չի եղել անգամ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո: «Ամեն տարի անբարեկարգ իրավիճակի շարունակվելը բերելու է նրան, որ եւս 2-3 միլիոն դոլարով ավելանալու է քաղաքի համար նախատեսված ծախսը, եւ սա նաեւ ապտակ է քաղաքի բնակչությանը. ոնց կարելի է քաղաքի մոտ 100 հազար բնակչին պահել այսպիսի պայմաններում»,- նշել է Լեւոն Մարտիրոսյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: