
Թեհրանում քննարկվելու է Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հարցը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել է Թեհրան, ուր և այսօր հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Իրանցի պաշտոնյաների հետ Սինիրլիօղլուն քննարկելու է Թուրքիայի ու Իրանի հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր, ինչը հատկապես վերաբերվում է տարածաշրջանի խնդիրներին:
Քննարկվելու է նաև Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպման կազմակերպման հարցը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում հայտարարել է, որ երեք երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը պլանավորված է անցկացնել ընթացիկ տարվա փետրվար-մարտին:
Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումն անցկացվել է Ուրմիայում, իսկ երկրորդը՝ Նախիջևանում: