Իվան Կուխտա․ «Այս հակամարտության լուծումը տեսնում եմ միայն խաղաղ ճանապարհով». «Ազատություն»
Ուկրաինայում վերջին իրադարձությունների, դրանց հայաստանյան արձագանքների և հայ – ուկրաինական հարաբերությունների ապագայի շուրջ են զրուցում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան․
Հրայր Թամրազյան․ – Առաջին հարցը, պարոն դեսպան: Արևմտյան երկրները պնդում են, որ ռուսական զորքերը ներխուժել են Ղրիմ, իսկ Մոսկվան շարունակում է պնդել, որ ռուսական զորքերը Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին չեն մասնակցում, և որ դրանք պարզապես ինքնապաշտպանական ջոկատներ են: Ինչպե՞ս սա կմեկնաբանեիք:
Իվան Կուխտա – Կարող եմ ասել, որ արդեն երկու օր է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի արտգործնախարարություն, որպեսզի վերջիններս հաստատեն, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր չեն տեղաբաշխված: Սակայն, ցավոք սրտի, մինչև այս պահը մենք պաշտոնապես, դիվանագիտական մեր ուղիներով, որևէ հաստատում չենք ստացել: Այո, այսօր որոշ ռուս քաղաքական գործիչներ խոսում են այն մասին, որ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր չկան, սակայն մեր պաշտպանության նախարարության, սահմանապահների, ինչպես նաև այլ իրավասու մարմինների ներկայացուցիչները հաստատում են, որ Ղրիմի տարածքում ռուսաստանյան զինված ուժեր կան, ինչը հանդիսանում է բազմաթիվ պայմանագրերի խախտում, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան Սևծովյան նավատորմի տեղակայման վերաբերյալ:
Հրայր Թամրազյան – Պարոն դեսպան, ի՞նչ եք կարծում, ի՞նչը դրդեց Ռուսաստանին ներխուժել Ուկրաինայի տարածք, իմանալով հանդերձ, որ դա շատ թանկ կնստի, եթե Արևմուտքը պատժամիջոցներ գործադրի Ռուսաստանի նկատմամբ, դա միլիարդավոր ռուբլիների վնաս կհասցնի տնտեսությանը:
Իվան Կուխտա – Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ ես ներկայացնում եմ Ուկրաինան և չգիտեմ, թե ինչ դրդապատճառներ ունի ռուսական կողմը:
Հրայր Թամրազյան – Նրանք, մասնավորապես, ասում են, որ Ղրիմում ռուսալեզու բնակչություն կա, որը բռնությունների է ենթարկվում, չի ներկայացված նոր կառավարությունում, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք կա:
Իվան Կուխտա– Այո, Ռուսաստանի Դաշնությունն այսօր հայտարարում է այն մասին, որ Ուկրաինայում, հատկապես Ղրիմում, ռուսալեզու բնակչության իրավունքների խախտման փաստեր կան, և որ ազգաբնակչության ռուսալեզու շերտը ներկայացված չէ նոր կառավարության կազմում: Ես կտրականապես դեմ եմ այդ պնդումներին: Առաջին հերթին այն պատճառով, որ ես շատ եմ աշխատել Ղրիմում՝ 15 տարի, մինչև դիվանագիտական աշխատանքի անցնելը, ես շատ լավ գիտեմ այդ տարածաշրջանը: Ավելին ասեմ՝ իմ կինը ծնունդով Ղրիմից է, իսկ ես Ուկրաինայի արևմուտքից եմ: Սակայն մենք ընտանիքը չենք բաժանում ռուսերեն և ուկրաիներեն խոսողների: Եվ ես, ունենալով Ղրիմում բազմաթիվ ընկերներ, դեռ երբևէ չեմ լսել, որ ռուսախոսների իրավունքները խախտվեին: Դրանք մտացածին փաստեր են: Բանն այն է, որ ողջ Ղրիմը խոսում է ռուսերեն լեզվով, Ուկրաինայի ողջ արևելքը խոսում է ռուսերեն, Կիևում շատերը խոսում են ռուսերեն, և դրանում ոչ մի խնդիր չկա: Այսօր աճող սերունդը ոչ միայն ռուսերեն է խոսում, այլ նաև ուկրաիներեն, անգլերեն, ֆրանսերեն, և այլն, և այլն: Որքան շատ լեզու գիտի մարդը, այնքան դա նրան բնութագրում է որպես մտավորականի, որպես մարդու, ով գնահատում է այլ լեզուներ և մշակույթներ: Այնպես որ, այդ պնդումը, թե ռուսալեզու բնակչության իրավունքները խախտվում են, պարզապես օդից է վերցված: Ես դրան չեմ հավատում:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: