Ստեփան Սաֆարյան. «Ակնհայտ է, որ Պուտինը շտապում է»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 6-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների նիստում հայտարարել է, թե Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը պատրաստ են սկսելու Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու աշխատանքները:

«Հայկական կողմը հաջողությամբ ընդունել և իրականացրել է Մաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածքի նորմերին և պահանջներին հարմարեցնելու վերաբերյալ միջոցառումների ծրագիրը: Այդ պատճառով էլ կարծում ենք, որ հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Արդյո՞ք սա նոր զարգացում է եվրասիական գործընթացում: Պատասխանելով 168.am-ի այս հարցին` «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Այո´, ակնհայտ է, որ Պուտինը շտապում է: Որքան էլ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը տեղի չունեցած փաստ է, բայց նա արդեն իսկ համարում է, որ այդ որոշման հետ կապված որևէ խոչընդոտ չկա, և Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը»:

Մեր զրուցակցի խոսքով` Պուտինի այդ շտապողականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ավանտյուրայի փորձը» լուրջ հարված է հասցրել եվրասիական իտեգրացման գործընթացին, ինչը գիտակցում է ՌԴ նախագահը` փորձելով փրկել նախագիծը:

Կարդացեք նաև

Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ չնայած Պուտինի այս հայտարարությանը` Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի միացել այն կարևորագույն փաստաթղթերին, որոնցով նա կդառնա ՄՄ-ի անդամ, և բացի այդ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը չի կայացրել այն որոշումը, որ Հայաստանն արդեն անդամակցում է ՄՄ-ին.

«Գոյություն ունի ինտեգրման երկու փուլ, մեկը ՄՄ-ի անդամակցելն է, երկրորդ փուլը կմեկնարկի 2015 թ. հունվարից, երբ նախատեսվում է ստեղծել Եվրասիական տնտեսական տարածքը: Հիմա առաջին փուլը դեռ չենք ավարտել, բայց Պուտինն ասում է` ավարտված է, և տեղի չունեցած փուլից հետո թևակոխում ենք երկրորդ փուլ»:

«Կարելի է ասել` մենք թևակոխում ենք Հայաստանի ինքնիշխանությունը կլանելու հաջորդ փուլ, և այս առումով` հնչած հայտարարությունն, անշուշտ, մտահոգիչ է»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Իսկ Ստեփան Սաֆարյանը և՞ս Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցումը համարում է անշրջելի: Հիշեցնենք, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում այդպիսի միտք էր արտահայտել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ո´չ, համաձայն չեմ: Ոչ միայն համաձայն չեմ, այլև իմ հնարավորությունների շրջանակներում, պայքարում եմ դրա դեմ, խոսում և արտահայտվում եմ դրա դեմ և բացատրում, որ դա Հայաստանի համար ճիշտ ճանապարհ չէ»,- պատասխանեց Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս