Նրանք մրցակցում են Վլադիմիր Պուտինի առջև, թե ով ավելի լավ կծառայի Ռուսաստանին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես խաղաղ իշխանափոխության ճանապարհ, մատնանշեց ոչ իշխանական ուժերի համախմբվածությունը կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգի շուրջ: Այս ճանապարհը թեև նախընտրելի է զոհեր չպահանջելու տեսանկյունից, սակայն դեռ հարց է՝ որքանով է իրատեսական: Առավել ևս, որ ոչ իշխանական այս քառյակի պահանջները շատ տարբեր են, նույնիսկ՝ կառավարության մասով: Ինչ ուղիներ են մատնանշում ընդդիմադիր, Մաքսային միության ուղին մերժող, բայց ոչ խորհրդարանական ուժերը: Թեմայի շուրջ զրուցեցինք վերածնված Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանի հետ:

– Պարոն Զուրաբյան, խորհրդարանական ոչ իշխանական քառյակը՝ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով կարո՞ղ է հասնել ամբողջական իշխանափոխության:

– Դա երևի թե Տեր-Պետրոսյանին է պետք հարցնել, քանի որ ինքն է հայտարարել, որ հնարավոր է: Ինքն ունի իր ստրատեգիան, իր գործողությունների ծրագիրն ու մոտեցումները, հավանաբար, նրան ու իր թիմակիցներին է պետք հարցնել՝ ինչպե՞ս է տեսնում այդ ճանապարհը, ինչ քայլերով ու ինչ հաջորդականությամբ:

-Ծառուկյանին Իվանիշվիլու դերակատարումը վերագրելը դրակա՞ն կանդրադառնա այդ գործընթացի վրա, թե՞ հակառակը:

– Ես ընդհանրապես այդ հանրահավաքից չեմ ուզում խոսել, որովհետև գտնում եմ, որ մարտի 1-ին գալ Ազատության հրապարակ ու օրակարգում ներառել այդ հարցերը, որոնք բարձրացվեցին, ես գտնում եմ, որ անտեղի էր: Մարտի 1-ին, 6 տարի առաջ արյուն է հեղվել, հայ ժողովուրդը 10 զոհ է ունեցել, այդ օրը խոսել գազի գնի, Իվանիշվիլու, Սահակաշվիլու ու այլ տարաբնույթ խնդիրների մասին, դա գոնե մարտի 1-ին պետք չէր անել, փետրվարի 28-ին, այլ մարտի 2-ին, լավագույն դեպքում, կարող էր լինել: Ընդհանրապես ես գտնում եմ, որ այնտեղ մտքեր ու տեսակետներ են հնչել, որոնք կիսելը շատ բարդ է:

-Պարոն Զուրաբյան, Լևոն Տեր-Պետրոսյանի մատնանշած ճանապարհը վերաբերում էր միայն խորհրդարանական ֆրակցիաներին, իսկ ի՞նչ է մտածում ոչ խորհրդարանական ընդդիմությունը, արդյո՞ք այս ուժերի համախմբման ժամանակը չէ:

– Խնդիրն այլ է, բոլոր գործողությունների բոլոր ժամանակներն անցել են մեզ մոտ 15 տարի առաջ: Այն օրը, երբ մեզ մոտ հաստատվեց բռնապետական ռեժիմ, այդ օրվանից արդեն ամեն վայրկյանը, օրը կորուստ է, խնդիրն այլ է: Խնդիրն այն է, որ ՀՀ-ում ընդդիմադիր ու իշխանական համակարգի գործունեության արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որտեղ որևէ բան անելը շատ բարդացել է: Մենք նաև իրատես ենք ու գտնում ենք, որ մեր գործողություններն ու անելիքները պետք է պլանավորենք՝ իրատեսական գործընթացներից ելնելով:

-Այդ օրը հանրահավաքում վերլուծվեց իրավիճակը, և թվարկվեցին այն բոլոր հիմքերը, որոնք հասունացրել ենիշխանափոխության պահանջը: Ձեզ համար արդյո՞ք այդ պահը չի հասունացել, ո՞ր ուժի հերթն էԱզատության հրապարակը զբաղեցնելու:

– Ազատության հրապարակը զբաղեցնելն ինքնանպատակ չէ, ինքնանպատակն ընդհանրապես իշխանությունը փոխելն է: Այս իշխանությունը փոխելու ճանապարհը չի կարող ընթանալ այն վեկտորով, որը որ մարտի 1-ին Ազատության հրապարակում էր: Նրանք իրենց քաղաքակրթական ընտրությունը կատարել են, նրանք Ռուսաստանի հետ են, նրանք գտնում են, որ պետք է խորացնել իրենց կյանքը կոնկրետ Մաքսային միության շրջանակներում, մենք այլ մոտեցում ունենք, գտնում ենք, որ Մաքսային միությունն այն ճահիճն է, որը կործանելու է Հայաստանին, եթե այս ընթացքով գնա երկիրը: Գտնում ենք մի բան, որ մեր քաղաքական հարթությունում գտնվող հարցերում բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական ուժեր նույն իշխանության հետ համակարծիք են, և իրենց մոտեցումները նույնն են: Նրանք մրցակցում են կոնկրետ Վլադիմիր Պուտինի առջև, թե ով ավելի լավ կծառայի Ռուսաստանին, մենք այդ մոտեցումները չենք կիսում: Այդքան բան:

-ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ ինտեգրումը ԵՄ-ին տեսանելի ապագայում՝ անհնարին։ Ի՞նչ կասեք այս գնահատականի մասին, արդյո՞ք անշրջելի է։

– Ո՞նց կարող է անշրջելի լինել մի պրոցես, որ ինքն իրեն կարող է փլուզվել: Անշրջելի պրոցեսները որո՞նք են, մարդիկ անգամ Հիրոսիման ու Նագասակին են վերականգնել ատոմային պայթյուններից հետո, ինչի՞ մասին է խոսքը: Շատ շրջելի է պրոցեսը, անկախ նրանից՝ դա դուր կգա Քոչարյանին, Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին, որոնց մոտեցումն այդ հարցում նույնն է: Հայաստանն ինչ-որ մի օր դուրս է գալու, կամ նույն Մաքսային միությունը չի կայանալու որպես այդպիսին: Դրա նախադեպերը ունենք, նույն այդ պետությունները ժամանակին տարբեր կառույցներում են եղել՝ ԱՊՀ և այլն, սա ևս այդպիսի ճակատագրի է արժանանալու… Հիմա աշխարհը շատ դինամիկ փոփոխությունների է ենթարկվում:

Ավելի մանրամասն կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս