Մարտի 21-ին վերաքննիչ դատարանը կքննի Հայկ Ալումյանի բողոքը

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը 168.am-ին տեղեկացրեց, որ մարտի 21-ին վերաքննիչ դատարանը կքննի իր բողոքը: Նշենք, որ փաստաբանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով կասեցվել էին նրա բողոքների քննությունը:

Հիշեցնենք, 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ինչպես նաև նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին: Ավելի ուշ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր. քննիչը գտել էր, որ նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:   Քննիչը գտել էր նաև, որ դեպքի օրը քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է արել նաև սպանված Ավետիք Բուդաղյանը, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր մահվան պատճառով: Այս որոշումները Հայկ Ալումյանը բողոքարկել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Բողոքների քննության ընթացքում Հ. Ալումյանը քննիչից պահանջում էր դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը՝ նշելով, որ քրեական գործի ընդամենը մեկ փաստաթութղ կարող է փոխել ողջ քրեական գործի նկարագիրը:

Դատարանում քննիչը պատճառաբանում էր, որ քրեական գործի բոլոր նյութերը չի կարող դատարան ներկայացնել նախաքննության գաղտնիության պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս